Գործարար Մարչելո Դի Ֆինիցիոն երկու օր անցկացրել է Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթին նստած՝ պահանջելով, որ Իտալիան դուրս գա եվրագոտուց: Տղամարդը տաճարի գմբեթին բարձրացել է մայիսի 20-ի երեկոյան եւ իջել մայիսի 22-ի գիշերը՝ բարեհաջող ավարտելով իր բողոքի ցույցը:
Adnkronos գործակալությունը հայտնում է, որ տղամարդուն ցած իջնել համոզել է ազգային խորհրդարանի «Ազատության ժողովուրդ» կուսակցության պատգամավորներից մեկը: Նրանց հեռախոսազրույցը տեւել է երկու ժամ:
Սա գործարարի արդեն երրորդ բողոքն է: Անցյալ տարի նա այդկերպ բողոքել էր հուլիսի 30-ին եւ հոկտեմբերի 3-ին՝ երկրորդ անգամ 130 մ բարձրության վրա մնալով 28 ժամ:
«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ գմբեթի վրա նստած տղամարդն այս անգամ գմբեթին Իտալիայի դրոշն ու պաստառ է տեղադրել, որի վրա գրված է եղել. «Սոցիալական սպանդանոցը շարունակվում է: Ֆրանցիսկոս պապ, դուրս բեր մեզ եվրագոտու այս մղձավանջից»:











