Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում մայիսի 15-ին տեղի ունեցած արտակարգ միջադեպի հետեւանքով հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Հրաչյա Սարգսյանը միջադեպից որեւէ բան չի հիշում չի հիշում նաեւ մահացած ծառայակցին` Լյուքս Ստեփանյանին: NEWS.am-ի թղթակիցը այցելել է Զինվորական հոսպիտալում գտնվող Հրաչյա Սարգսյանին` զրուցելով թե նրա, թե հոր` Վաղինակ Սարգսյանի հետ (ֆոտոռեպորտաժ):
Մեր այցելության ժամանակ Հրաչյան կիսաքնած էր: Աչքերը բացեց, նայեց, կիսաձայն ասաց, որ իրեն այժմ լավ է զգում, որեւէ տեղ չի ցավում: Նա միջադեպից որեւէ բան չի հիշում: Չէր հիշում նաեւ միջադեպի հետեւանքով զոհված ծառայակից ընկերոջը` Լյուքս Ստեփանյանին: Հրաչյա Սարգսյանը մեկ տարվա զինծառայող էր, մինչ բանակ գնալը չէր հասցրել սովորել բարձրագույն ուսումնական հաստատությունում, սակայն ապաքինվելուց հետո որոշել է անպայման բարձրագույն կրթություն ստանալ, դեռ չգիտի` ինչ մասնագիտությամբ: Հարցին, թե ինչ ես ցանկանում, ինչով կարող ենք օգնել, նա միայն մեկ բան ասաց. «Ուզում եմ շուտ լավանալ»:
Հրաչյա Սարգսյանը հայրը` Վաղինակ Սարգսյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ Ռուսաստանում արտագնա աշխատանքի էր մեկնել, որդու հետ կատարվածի մասին լսելուն պես վերադարձել է:
Սարգսյանների ընտանիքը ապրում է Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում, Հրաչյան ունի 3-ամյա քույր: Երիտասարդը սովորել է Արմավիրի քոլեջում, բայց Ռուսաստան մեկնելուց հետո կիսատ է թողել ուսումը, այնուհետեւ այնտեղ ընդունվել է գյուղքոլեջ:
Հայրը պատմեց, որ որդին շատ էր ցանկանում վերադառնալ Հայաստան եւ ծառայել բանակում, ուստի` միասին վերադարձան, հայրը իր ձեռքով որդուն ճանապարհեց բանակ: Վաղինակ Սարգսյանի խոսքով` մեկ տարվա ծառայության ընթացքում Հրաչյա Սարգսյանը երբեւէ չի դժգոհել ծառայությունից, որեւէ բողոք չի ունեցել: «Հրաչյան իր ծառայությունից միշտ գոհ էր, դեպքից երկու օր առաջ հեռախոսազրույց ենք ունեցել, էլի շատ գոհ էր, որեւէ խնդիր չի եղել, լարված հարաբերություններ չեն եղել»,- պատմեց Վաղինակ Սարգսյանը:
Դեպքից հետո` կոմայից դուրս գալուց հետո, հիվանդանոցում Վաղինակ Սարգսյանը որդուց հետաքրքրվել է միջադեպի մասին, սակայն ապարդյուն, նա ոչինչ չի հիշում: «Ես զրուցել եմ նրա հետ, բացարձակ ոչինչ չի հիշում, ոչ մեկին չի հիշում, Լյուքսին էլ չի հիշում: Բացարձակ որեւէ բան չի հիշում, ինձ է հարցնում, թե ինչից է այսպես եղել, ես էլ ասել եմ, որ ոչինչ չգիտեմ, կարեւորը առողջությունն է, ասել եմ, որ բժիշկներին եւ հրամանատարությանը ոչինչ չեմ հարցրել,բայց հետո կպատմեմ: Մենակ զրույցի ժամանակ իր ընկերներին հիշելով հիշեց նաեւ Դավիթ Խաչատրյանին (Լյուքս Ստեփանյանի եւ Հրաչյա Սարգսյանի վրա կրակած երիտասարդ-խմբ), որպես լավ մարդ: Պատմում էր, որ Դավիթի հետ մտերիմ էր, այն պահերն էր հիշում, երբ իրար հետ նստել են, զրուցել են, Դավիթը` որպես խելացի, լավ ընկեր, խորհուրդներ է տվել: Աշխատում եմ այն, ինչ ինքը չի խոսում, չեմ ուզում հիշեցնել, քանի որ ուղեղի հետ դեռ խնդիրներ կան: Չեք հավատա, բայց ընդհանրապես դեպքի օրը չի հիշում, այդ օրը կարծես ջնջված լինի իր հիշողությունից, ամեն ինչ հիշում է, բացի դա: Ասում է` գիտեմ, որ իրար հետ այդ օրը ծառայության ենք եղել, առավոտը գնացել եմ նարյադ, ասում եմ` բա ի՞նչ է պատահել, ասում է` չեմ հիշում»,- պատմում է հայրը:
Վաղինակ Սարգսյանը խոսում էր որդու մասին եւ հազիվ է զսպում արցունքները, ժամանակ առ ժամանակ ընդհատում է խոսքը, չի կարողանում զսպել հուզմունքը: Նա հույս ունի, որ որդին կվերականգնվի, ծնողը ֆինանսական միջոցներ չունի, որպեսզի որդուն տանի արտերկիր, դիմի այնտեղի բժիշկների օգնությանը: «Եթե երեխաս ապաքինվի, միգուցե մեկնեմ արտագնա աշխատանքի, եթե ոչ, ո՞նց կարող եմ այդպես թողնել»,- ասաց Վաղինակ Սարգսյանը:
Ի դեպ, Հրաչյա Սարգսյանը օրերս է Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նեյրովիրաբուժության բաժանմունք: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը: Նա ասաց, որ վերջինիս վիճակը բավարար է, բուժման կարիք այլեւս չունի, մնում է անցի վերականգնողական փուլը: Նրա խոսքով՝ հոսպիտալն արդեն բանակցում է Կարմիր խաչի հետ, որ հետագա վերականգնողական փուլը Հրաչ Սարգսյանը շարունակի այնտեղ: Արամ Ասատուրյանը նշեց, որ զինծառայողը մոտ օրերս կտեղափոխվի Կարմիր խաչ, բայց վերականգնողական փուլն անցնելուց հետո էլ չի վերադառնա զինվորական ծառայության: Հրաչյա Սարգսյանի ձախ կողմը պարալիզացված է: Տնօրենի խոսքով` ապաքինման հետագա ընթացքից է կախված, թե ինչ չափով կվերականգնվի ձախ հատվածի շարժունակությունը:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Դ. Խաչատրյանը ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Մայիսի 18-ին պետք է կայանար Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությունը, սակայն ծնողները որոշել էին Երեւան բերել իրենց որդու դին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից իրական պատճառը լսելու, նաեւ մտադիր էին կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացնել: Ճանապարհին՝ Երեւան-Սեւան մայրուղում բախվել են ոստիկաններն ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները, քանի որ իրավապահները փակել են նրանց ճանապարհը: Դեպքի վայրից NEWS.am-ին հայտնել են, որ նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել: Զինվորի հարազատները զինվորականների մեքենաների պատնեշը հաղթահարելու համար ջարդել են նրանց մեքենաները:
Հարազատների հետ հանդիպման են գնացել ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը եւ Ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը: Ավելի ուշ դեպքի վայր են ուղեւորվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանն ու զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, ովքեր զրուցել են զինվորի հարազատների հետ: Դրանից հետո բարձրաստիճան պաշտոնյաները զինվորի հարազատների հետ միասին վերադարձել են նրա հայրենի գյուղ` Վերին Գետաշեն, որպեսզի մասնակցեն Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությանը:
Ինգա Մարտինյան
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











