Samsung-ը ներկայացրել է Galaxy S4 Zoom սարքավորումը` պատկերը 10 անգամ մեծացնելու հնարավորություն ունեցող սմարթֆոնի եւ տեսախցիկի հիբրիդը:

Սարքավորումը պատկանում է սմարթֆոնների Galaxy S4 շարքին, սակայն ֆլագմանից տարբերվում է ավելի համեստ տեխնիկական առանձնահատկություններով: Galaxy S4 Zoom-ը զինել են 1.5 գեգահերց հաճախությամբ երկմիջուկային պրոցեսորով: Էկրանի անկյունագիծը 4.3 դյույմ է: Հիշողությունը 8 գեգաբայթ է, եւ microSD քարտի միջոցով այն կարելի է հասցնել մինչեւ 64 գեգաբայթի: Այն հասանելի է լինելու 3G տարբերակով եւ 4-րդ սերնդի LTE ցանցի աջակցությամբ: Սմարթֆոնն աշխատում է Android 4.2 պլատֆորմի վրա:

Սարքավորման առանձնահատկություններից մեկը 16 մեգապիկսել հզորությամբ եւ պատկերը 10 անգամ մեծացնելու հնարավորություն ունեցող հիմնական տեսակցիկի առկայությունն է: Այն լրցվում է 2 մեգապիկսել հզորությամբ ֆրոնտալ տեսախցիկը: Այսպիսով, Galaxy S4 Zoom-ը կարող է կոմպակտ ֆոտոխցիկի եւ սմարթֆոնի ֆունկցիաներ իրականացնել: Այս մասին գրում է РИА Новости:

Galaxy S4 Zoom-ունի մի շարք յուրահատկություններ. օրինակ, հեռախոսով խոսելիս անձը կարող է շարժել օբյեկտիվը եւ հենց հեռախոսազրույցի ընթացքում լուսանկարել եւ այդ լուսանկարն ուղարկել զրուցակցին:

Իր չափսերով (125,5 х 63,5 х 15 մմ, 208 գրամ) Galaxy S4 Zoom –ը 2 անգամ ավելի հաստ եւ 80 գրամ ավելի ծանր է, քան Galaxy S4 ֆլագմանը եւ ավելի բարակ ու 92 գրամով ավելի թեթեւ, քան Galaxy Camera տեսախցիկները: Samsung-ը դեռեւս չի հայտնում սարքավորման գինը եւ վաճառքի հանելու ժամկետները: