Ամերիկյան Microsoft ընկերությունը հայտարարել է կատարելագործված Windows 8.1 օպերացիոն համակարգի մասին:
Այն Սան ֆրանցիսկոյի արտադրողների կոնֆերանսում ներկայացրել է գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը: Նա խոստովանել է, որ Microsoft-ը չափազանց ջանասիրաբար է փորձել օգտվողներին ստիպել հարմարվել նոր տարբերակի ինտերֆեյսին, եւ նոր տարբերակում «Մեկնարկ» կոճակով հին ինտերֆեյսին վերադառնալը հեշտացված է, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Համարվում էր, որ Windows 8-ի օգնությամբ ընկերությունը փորձում էր նվաճել սենսորային սարքերի շուկան: Եվ թեպետ յոթ ամսում ՕՀ-ի 100 մլն-ից ավելի լիցենզիա էր վաճառվել, շատերը կարծում են, որ Windows 8-ից օգտվողների դժգոհությունն է համակարգիչների վաճառքի վերջին երկու տասնամյակի ամենազգալի նվազման գլխավոր պատճառը:
Windows 8.1 օպերացիոն համակարգը Windows 8-ի թարմացում է: Նախկինում արդեն հաղորդվել էր, որ Windows 8.1-ում «Մեկնարկ» կոճակը վերադառնում է:











