Սան Ֆրանցիսկոյում վթարի ենթարկված հարավկորեական Asiana ընկերության օդանավի օդաչուները փորձել են արագություն հավաքել` վայրէջքը նորից կատարելու համար: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ում տրանսպորտի անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Դեբորա Հերզմանը:

Ըստ նրա` օդաչուների բանակցությունների ձայնագրությունները ցույց են տվել, որ օդանավը վայրէջք է կատարել նախատեսվածից ցածր արագությամբ: Հերզմանը պատմել է, որ օդաչուները երկրորդ շրջան կատարելու թույլտվություն են խնդրել` պաշտպանիչ պատին բախվելուց վայրկյան առաջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավիաընկերության նեկայացուցիչները պնդում են, որ վթարի ենթարկված Boeing 777-ը սարքին է եղել: Asiana-ի ղեկավար Յուն Ենդուն չի բացառել, որ վթարի պատճառ կարող էր դառնալ մարդկային գործոնը, սակայն նշել է, որ  օդաչուները փորձառու են եղել: Սեուլում մամուլի ասուլիսի ժամանակ Asiana-ի ղեկավարը ներողություն է խնդրել վթարի հետեւանքների համար: 

Մինչդեռ  CNN-ը, վկայակոչելով Հարավային Կորեայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը, հայտնում է, որ Boeing-777-ի օդաչուն  այն վարել է ընդամենը 43 ժամ:

Քննությունը վարող ամերիկյան եւ հարավկորեական պաշտոնական անձինք հարցաքննում են օդաչու Լի Կան Հուկին: Նրա 43 ժամ թռչելու մասին լուրերը Սեուլում հրապարակել էր Հարավային Կորեայի քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Ցոյ Չոն Հոն:  Ըստ CNN-ի` քննություն է տարվում նաեւ  մյուս օդաչուի` Լի Չոն Մինի նկատմամբ: 

Ավելի վաղ Սան Ֆրանցիսկոյի մամուլի ասուլիսում հաղորդել էին, որ այդ օդանավը վայրէջք էր կատարել օդաչուներին  վայրէջք կատարելիս աջակցող համակարգն անջատած պայմաններում: Այդ պատճառով էլ օդաչուն ստիպված է եղել օդանավը վայրէջքի բերել` տեսողականորեն պատկերացնելով թռիչքուղին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավիափոխադրողը հաստատել է, որ վթարի հետեւանքով զոհվել են երկու երիտասարդ  չինուհիներ: Ենթադրվում է, որ նրանք պատմոթյան մեջ առաջին մարդիկ են, ովքեր զոհվել են Boeing 777-ի վթարի հետեւանքով: Boeing  ընկերությունը հայտնել է, որ տեխնիկական աջակցություն կցուցաբերի քննությանը:

Հինգ ուղեւորներ ծանրն վիճակում գտնվում են Սան Ֆրանցիսկոյի հիվանդանոցում, հայտնել է  հիվանդանոցի մամուլի քարտուղար Ռեյչել Կագանը: Երեքն էլ բուժվում են Սթենֆորդի հիվանդանոցում: Բուժօգնության կարիք է ունեցել 181 մարդ: Ըստ Asiana-ի` օդանավում գտնվել են 291 ուղեւոր եւ անձնակազմի 16 անդամ:

Հիշեցնենք, որ Asiana Airlines ընկերության Boeing-777 օդանավը ընկել էր Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանում` հուլիսի 6-ին` վայրէջք կատարելիս:

Boeing-777 օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում