Իսպանական Պամպլոնա քաղաքում հուլիսի 6-ին մեկնարկել է «Սան-Ֆերմին» ամենամյա փառատոնը, որի ընթացքում ավանդաբար վազք է կազմակերպվում ցլերի հետ, հայտնում է newsru.co.il-ը:
Թեեւ վազքը զանգվածային էր, այս տարի, բժիշկների տվյալով, միայն երկու վազորդներ են տուժել, որոնցից մեկի ձեռքն էր վնասվել, մյուսի ուսն էր դուրս ընկել:
Վազքի առավել վտանգավոր պահը կապված էր ցլերից մեկի տարօրինակ վարքի հետ, որը քիչ էր մնում հակառակ ուղղությամբ վազեր` դեպի ամբոխը, հաղորդում է Kiro tv-ն:
«Սան-Ֆերմին» փառատոնը համաշխարհային ճանաչում էր ստացել Էռնեստ Հեմինգուեյի «Ֆիեստա» գրքի լույսընծայումից հետո: Ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ Պամպլոնա են մեկնում ինչպես Իսպանիայի այլ քաղաքներից, այնպես էլ արտասահմանից:
Փողոցներում ցլերի հետ վազքը փառատոնի հիմնական իրադարձությունն է: Ցուլերը հեռավորությունը կտրում անցնում են չորս րոպեում, մարդիկ փորձում են հասնել նրանց, բայց այնպես, որ սմբակների կամ եղջյուրների հարվածին չարժանանան: Ամեն տարի մի քանի մարդ վնասվածքներ է ստանում:











