Այս պահին տրանսպորտի թանկացումներ չկան, աշխատում ենք, որ դա լինի մինիմալ ու հօգուտ ժողովրդի: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, հաղորդում է Henaran.am-ը:
«Չեք մնա առանց տրանսպորտի, իհարկե: Ես, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր առանց կոնկրետ փաստերի են խոսում, չեմ ուզում օդի մեջ խոսել: Հանձնաժողովը մի քանի օրից կվերջացնի աշխատանքներն, ու կներկայացնենք փաստերով»,-ասել է նախարարը:
Գագիկ Բեգլարյանը նաեւ կարծիք է հայտնել, որ Հանրային խորհրդի տրանսպորտի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը պետք է հեռացվի աշխատանքից, քանի որ տրանսպորտի մասին ընդհանրապես տեղեկությունների չի տիրապետում: Հիշեցնենք, որ երեկ Տիգրան Հովհաննիսյանը եւ Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան Փանոսյանը հայտարարել էին, թե տրանսպորտի թանկացման դեպքում իրենք գործադուլ են անելու:
«Ես իմ սուբյեկտիվ կարծիքն ասեմ, հանրային տրանսպորտի հանձնաժողովի նախագահն ընդհանրապես չի տիրապետում: Ես լսում եմ նրան մի քանի անգամ, եւ ես դիմելու եմ Վազգեն Մանուկյանին` հանրային խորհրդում չի կարելի տանել պաշտոնի մարդկանց, ովքեր չեն տիրապետում՝ ինչի մասին է խոսքը եւ ինչի մասին են խոսում ընդհանրապես: Հայտարարություններ են անում առանց փաստերի, տենց դուրս գա` ով ինչ ուզում է կխոսի»,-նշել է Բեգլարյանը:
Նախարարի խոսքով` Տիգրան Հովհաննիսյանը, ինչպես նաեւ «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ի նախագահ Գեւորգ Դոստուրյանը, ով եւս հաճախակի վատաբանում է տրանսպորտի եւ կապի նախարարությանը, ընկերներ են, կառավարությունը նրանց արգելել է ապօրինի կերպով միջոցներ կուտակել, եւ հիմա նրանք մշտապես հանդես են գալիս կառավարության ու նախարարության դեմ:
«Այդ հանրային ներկայուցուցիչներն, ի օգուտ ժողովրդի չեն խոսում: Հայտարարողը այն մարդն է, ով տասյնակ հազարավոր մարդկանցից գումարներ է վերցնում: Դոստուրյանի նույն կարգավիճակ ունեցող մեկն է Տիգրան Հովհաննիսյանը, երրորդն էլ ի հայտ կգա, երբ կսկսի խոսել տրանսպորտի նախարարության դեմ, կհասկանաք, որ երրորդն էլ է հայտնվել»,-ասել է նա:
Տեսանյութը՝ Henaran.am-ի











