Եթե մեկը հայտարարում է, որ տրանսպորտը թանկանալու է չորս անգամ, ապա դա ի վնաս ժողովրդի է, իսկ եթե նախարարությունը աշխատում է , որ թանկացումը հասցնի մինիմալի, դա ի օգուտ ժողովրդի է: Այսօր` հուլիսի 10-ին, Հանրապետության հրապարակում նոր ներկրված ավոտբուսների միջոցառման ժամանակ Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այսպես մեկնաբանեց իր երեկվա հայտարարությունը առ այն, թե ինչու է ասել, որ տրանսպորտի թնակացումը կլինի ի օգուտ ժողովրդի: 

«Երբ լրագրողը ինձ հարց տվեց, որ հանձնաժողովում հայտարարել են, որ որ չորս անգամ թանկանալու է երթուղայինի գները, ես ասել եմ, որ դա ի օգուտ ժողովրդի չէ, պետք է երկար աշխատենք, թանկացումը անենք մինիմալ, որ լինի ի օգուտ ժողովրդի, քանի որ թանկացումը անխուսափելի է: Եթե մեկը հայտարարում է, որ թանկանալու է չորս անգամ, ապա դա ի վնաս ժողովրդի է, իսկ եթե նախարարությունը աշխատում է , որ թանկացումը հասցնի մինիմալի, դա ի օգուտ ժողովրդի է: Հանձնաժողովն իր աշխատանքները դեռ չի ավարտել, բայց ես երեկ ուսումնասիրեցի. Հավատացեք, որ փորձում ենք հասցնել այնքան մինիմալի: Այն հայտարարությունը, որ պետք է չորս անգամ թանկանա, 67 կազմակերպություն ուզում են դուրս գալ փողոց, այդ մարդիկ, հանրային շահ անվան տակ պաշտպանում են այդ սեփականատերերի շահերը: Դա ի վնաս ժողովրդի է»,- ասաց նախարարը:

Նա շեշտեց, որ տրանսպորտի գնի բարձրացումը անխուսափելի է, բայց պետք է այնպես լինի, որ ժողովուրդը շատ չտուժի, կլինեն երթուղիներ, որոնք ընդհանրապես չեն թանկանալու: Գագիկ Բեգլարյանի խոսքով` 100 դրամից մինչեւ 5000 դրամ ուղեվարձ կա, եթե կոնկրետ տոկոսով թանկացնեն, ինչպես ասում են հանրային շահ պաշտպանողները, ապա երթուղիներ կլինեն, որոնք ավելի շատ կթանկանան, եւ կլինեն երթուղիներ, որոնց դեպքում թանկացումը կլինի չնչին: Ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` տրանսպորտը պետք է թանկանա 5-7 տոկոս, սակայն նախարարը նշեց, որ գազի վերջնական գնից հետո հատ-հատ կանդրադառնան երթուղիներին, կհաշվառեն նաեւ երթուղիների հեռավորությունը: «Մենք սպասարկում ենք մինչեւ Ղարաբաղ, Ռուսաստան, եւ տարբեր երթուղիներ տարբեր գներ ենք թանկացնելու: Ես խոստանում եմ բոլորին, որ եթե թանկանցենք թեկուզ մեկ դրամով , հավատացեք, որ դա լինելու է մինիմալը»,- ասաց նախարարը:

Ի պատասխան հարցի, թե Երեւան-Գառնի երթուղու ուղեւորափոխադրման գինն արդեն մի քանի օր է թանկացել է, նախարարը նշեց, որ  նախարարությունը ոչ մի ահազանգ չի ստացել, որ ուղեվարձը թանկացրել է որեւէ ընկերություն, բայց եթե ինչ-որ մեկը գին է բարձրացրել, նախարարության աշխատակիցները կգնան ու կտուգանեն:

Միեւնույն ժամանակ, Գագիկ Բեգլարյանի խոսքով, հանրապետությունում տրանսպորտային միջոցների ուղեւորավարձը չի թանկանա, եթե իրենց տրանսպորտային երթուղին սպասարկող ընկերություններից դիմողներ չլինեն: «Մեխանիզմը այսպիսին է, մենք մրցույթ ենք հայտարարում, մրցույթի մեջ գոյություն ունի նաեւ գին: Գինը ներկայացնում է մրցույթով հաղթող ընկերությունը, որոշումը կայացնում է հանձնաժողովը: Որպեսզի այդ գինը նորից վերանայվի սեփականատերը անպայման պետք է դիմի, բայց հիմնավոր փաստարկներով: Դրանցից մեկը այսօր գազի գնի թանկացումն է: գազալցակայններում արդեն թանկացումը կա»,-ասաց նա` հավելելով, որ այդ հարցով մինչ օրս իրենք ոչ մի դիմում չեն ստացել: