«Քինգ Դելյուքս» ընկերության սեփականատեր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) չի սիրում «բարգավաճ» բառը եւ չի ցանկանում խոսել իր եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների մասին, որոնք, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, լարված են: Այս մասին այսօր` հուլիսի 10-ին, Հանրապետության հրապարակում Երեւան-Աբովյան երթուղին սպասարկելու նպատակով ներկրված նոր ավտոբուսների աշխատանքի մեկնարկի արարողության ժամանակ ասաց Արթուր Հարությունյանը:

Հարցին, թե իր բիզնեսի բարգավաճմանը նպաստել է ՀՀԿ անդամ դառնալը, նա պատասխանեց, որ չի սիրում «բարգավաճ» բառը:

«Մենք մեր գործն ենք անում, ով խնդիր ունի, խնդրում եմ՝ նրան այդ հարցերը տվեք: Մեր հարաբերությունները, կոնկրետ իմ, բոլորի հետ լավ են: Քաղաքական հարցեր մի տվեք, էսօր գործ ենք անում, էլի: Պարոն Ծառուկյան դուք ստեղ տեսնո՞ւմ եք, ուրեմն` թեման փակենք»,- ասաց ԲՀԿ առաջնորդի սանիկը:

Գագիկ Ծառուկյանի սանիկն ասաց, որ իր երթուղին նոր ավտոբուսներով համալրելը ոչ մեկի դեմ չի անում, անում է ի շահ բնակչության: Իսկ թե Ծառուկյանի բարեգործական ավտոբուսներն այլեւս «Քինգ Դելյուքսի» աշխատանքին չե՞ն խոչընդոտում, Արթուր Հարությունյանը արձագանքեց. «Դուք էդ հարցի պատասխանը կարաք փողոցներում նայեք, ինքներդ դատեք: Ընդհանրապես բառերը ճիշտ ձեւակերպենք՝ դա բարեգործություն չի, դա չարագործություն է»: Իսկ Գագիկ Ծառուկյանը չարագործությամբ է զբաղված, թե ոչ, ապա Արթուր Հարությունյանն ասաց, որ ինքը պրովակացիոն հարցերի չի պատասխանում:

Նա նշեց, որ իր ընկերության աշխատակիցներն այլեւս մտադրություն չունեն գործադուլ անելու, իսկ Կառավարությունը բոլոր լավ գործերին միշտ էլ նպաստել է, իսկ սա լավ գործ է: Արթուր Հարությունյանը  հերքեց նաեւ տեղեկությունները, թե Տրանսպորտի եւ կապի նախարարը «Քինգ դելյուքսի» երթուղիների մեջ մասնաբաժին ունի, «նա օգնում է , աջակցում է, որ մենք ավելի լավ երթուղիներ սպասարկենք»: