Google-ի գլխավոր էջում այսօր  հոլանդացի հռչակավոր նկարիչ Ռեմբրանդտ Վան Ռեյնի ինքնադիմանկարներից մեկն է: Այդկերպ համացանցային  ընկերությունը նշում է նկարչի 407-րդ տարեդարձը:

Ռեմբրանդտի ինքնադիմանկարի վրա նշված է 1659թ., այն պահվում է Վաշինգտոնի Արվեստների ազգային թանգարանում:  Նկարի հետեւի ֆոնին  Google-ի տառերն են երեւում:

Ռեմբրանդտին ոչ ոք հրաշամանուկ չի կոչել, թեեւ նա դպրոց է գնացել 4 տարեկանից: 7 տարեկանում դարձել է Լատինական դպրոցի աշակերտ, 13-ում` համալսարանի ուսանող: Նա լեզուներով է զբաղվել, սակայն 14 տարեկանում որոշել է նկարիչ դառնալ:

Կյանքի օրոք հռչակավոր հոլանդացին հանրաճանաչ չի եղել: Ամստերդամում նա դիմանկարներ է նկարել, երջանիկ ընտանիք է կազմել կնոջ՝  Սասկիայի հետ, ունեցել են  որդի` Տիտուսը: Կնոջ մահից հետո նկարիչը սնանկացել է եւ աղքատ թաղամաս տեղափոխվել:

Ռեմբրանդտը մահացել է թշվառության եւ մենության մեջ: Այսօր նրա կտավները աստղաբաշխական թվերով են գնահատվում: