Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարանի առջեւ կանգնել է չսափրված, կանացի ծաղկավոր խալաթով: Դեռ երեկ նա հիվանդանոցում էր, սակայն հետաքննության պահանջով նրան բերել են դատարան:
Ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ կասկածվող Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել «Ճանպարհային երթեւեկության կանոնների խախտում, որն անզգուշաբար հանգեցրել է երկու եւ ավելի անձանց մահվան» հոդվածով:
Ինչպես հաղոդում է «НТВ»-ն, Հարությունյանը նստել է ամբաստանյալի աթոռին եւ շատ նիհարած է եղել: «НТВ»-ի տրամադրության տակ հայտնված տեսանյութից երեւում է, թե ինչպես է բոլոր հարցերին բեռնատարի վարորդը պատասխանում գլուխը տարուբերելով եւ փորձում զսպել արցունքները:
Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` Օզնոբիշինո բնակավայրի մոտ: Մանրաքար տեղափոխող բեռնատարը դուրս գալով երկրորդական ճանապարհից բախվել էր ԼԻԱԶ ավտոբուսին, որում եղել էր 41 մարդ: Վթարի արդյունքում զոհվել է 18 մարդ, եւս 20-ը տուժել են:











