«Նոր Մոսկվայում» ավտոբուսը երկու մասի բաժանած բեռնատարի վարորդին, քննչական մեկուսարանի հիվանդանոցում գտնվող 46-ամյա Հրաչյա Հարությունյանին, փաստաբանը փորձել է հագուստ փոխանցել, սակայն այն չեն ընդունել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա հորաքրոջ որդին` Վահանը:

Նա քիչ առաջ է զրուցել Ռուսաստանում գտնվող հարազատների հետ, ովքեր կապ են պահպանում փաստաբանի հետ եւ տեղեկություններ ստանում: «Փաստաբանն ասել է, որ տարել են շորերը տան, չեն թողել, ասել են` վաղը, բայց թե ինչի համար, չեն պատճառաբանել, ինչի չեն թողնում, պատճառը ի՞նչն է: Պատճառը ո՞րն է որ իրենք շոր չեն տալիս, մեր տարածն էլ չեն ընդունում»,- ասաց Հրաչյա Հարությունյանի եղբայրը:

Նա շեշտեց, որ միջադեպը պատահականություն է, Հրաչը չի էլ մտածել իր կյանքի մասին, ընդհակառակը` փորձել է  նվազագույն վնասներով դուրս գալ: «Աստված տար, որ չլիներ նման բան, բոլորս էլ ցավում ենք: Հիմի որ ռուսը լիներ մեր մոտ, կամ իրենք քի՞չ են տենց բաներ անում, ուրիշ բան է, որ ես դիտավորյալ գնամ մեկին վատություն անեմ, բայց եթե դա պատահականություն է, ի՞նչ անի ինքը»,- ասաց հորաքրոջ տղան:

Հրաչյա Հարությունյանի եղբոր խոսքով` ինչ-որ քայլեր անելու համար ֆինանսական միջոցներ են պետք, եթե ֆինանսներ ունենային, հենց դեպքի օրը կմեկնեին Ռուսաստան, այժմ փորձում են գումար գտնել, որպեսզի կարողանան գոնե երկու եղբայրներով գնալ Ռուսաստան: «Մենք ուզում ենք գնանք, հիմա ֆինանսական խնդիրներն են, եթե դրանք չլինեին, շուտ կգնայինք, գնանք, ինչքան հնարավոր է, տեսնենք ինչ ենք անում, հետաքրքրվենք, փաստաբանի հետ խոսենք, ընկերության տնօրենի հետ խոսենք»,-ասաց նա:

Վահանը նաեւ նշեց, որ ընկերության տնօրենը թերեւս տեսնում է իր մեղավորությունը պատահարի մեջ, ինքն է փաստաբան վարձել եւ ասել, որ «ինչ հնարավոր է, պետք է անել Հրաչին փրկելու համար»:

Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով: Հարությունյանը Բոտկինսկի հիվանդանոցում էր, սակայն հետաքննության պահանջով՝ բժիշկները նրան դուրս են բերել դեղորայքային քնից: Նրան առանց սափրվելու, հողաթափերով եւ կանացի խալաթով դատարան են բերել:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am