Երեւանի Մաշտոցի պուրակում, այսօր՝ հուլիսի 31-ին, ուղեվարձի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները հանդիպել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, ով ընդունել էր ակտիվիստների հրավերն ու այցելել պուրակ՝ քննարկմանը մասնակցելու, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը (ֆոտոռեպորտաժ):
Հանդիպմանը մասնակցել են նաեւ բնապահպանության նախկին նախարար, բնապահան Կարինե Դանիելյանը եւ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, ով հայտարարել է Երեւանի ավագանուն անվստահություն հյայտարարելու անհրաժեշտության մասին եւ կոչ արել նրանց տուն ուղարկել:
Վազգեն Մանուկյանի խոսքով՝ լրիվ նորմալ է, որ երկրի ներսում խնդիրների լուծման համար պայքար է ընթանում: «Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր խնդիրները եւ միշտ անհրաժեշտ է պայքարեն դրանց լուծման համար: Ինչ վերաբերում է տրանսպորտի ոլորտին, ապա այստեղ անախրոնիզմ է տիրում»,-ընդգծել է նա՝ ակտիվիստներին առաջարկելով բոլոր հարցերը քննարկել Հանրային խորհրդի հետ միասին:
Վազգեն Մանուկյանը նաեւ նշել է, որ գոյություն ունեն որոշումներ ընդունող եւ դրանք կատարող պետական կառույցներ, եւ կա այդ որոշումների վրա ազդող ինստիտուտ: «Դա ակտիվիստների ինստիտուտն է: Հանրային խորհուրդը եւս այդ ինստիտուտներից մեկն է, որը պահպանում է կապը իշխանությունների հետ: Կարծում եմ, որ ձեր ինստիտուտը նստացույցերի ու ակցիաների միջոցով կարող է հասնել զգալի արդյունքների»,-հայտարարել է Վազգեն Մանուկյանը՝ ընդգծելով, որ միայն համատեղ աշխատանքը կարող է արդյունքի հանգեցնել եւ չի կարելի պայքարը սահմանափակել միայն իշխանափոխության պահանջով:
Կարինե Դանիելյանի խոսքով՝ ներկա սերնդի հետ մեծ հույսեր են կապում, քանի որ երկիրն իսկապես բարեփոխումների կարիք ունի: «Ուղեվարձի թանկացման դեմ պայքարն ընդամենը մեկ օրինակ է եւ պետք է փոխել երկրում առկա ընդհանուր իրավիճակը»,-նշել է նա՝ ընդգծելով, որ ավելի ճիշտ կլինի խումբ ստեղծել, որը արտագաղթը կանխելուն ուղղված ծրագիր կմշակի իշխանություններին ներկայացնելու համար:
Նշենք, որ Հայաստանի հանրային խորհուրդն՝ ի դեմս նրա նախագահ Վազգեն Մանուկյանի, ակտիվիստներին հրավիրել է հասարակական տրանսպորտի ոլորտին առնչվող քննարկումներին:











