Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի օդանավակայանում վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել ռազմա-տրանսպորտային օդանավ։ Այն սկսել է այրվել արդեն գետնի վրա։

Reuters գործակալությունը հաղորդում է, որ օդանավակայանի աշխատակիցների խոսքով՝ հրկիզված օդանավից պայթյունի ձայներ են լսվել։ Ինչպես ենթադրվում է, պայթել է ռազմամթերքը, փոխանցում է «Ռոսբալթը»։

Ինչպես հաղորդում է Life News-ը, օդանավը ռազմամթերք է տեղափոխել Աֆրիկյան միության զինված ուժերի համար։ Ըստ նախնական տվյալների՝ ավիավթարի արդյունքում զոհվել է առնվազն 4 մարդ։ Օդանավում, ընդհանուր առմամբ, եղել է 6 մարդ։ Անձնակազմի մյուս երկու անդամների ճակատագիրն առայժմ անհայտ է։

Մոգադիշոյի օդանավակայանի ղեկավարությունը ժամանակավորապես փակել է այն՝ կապված պատահարի հետ։