Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգը Օսլոյում մեկ օր անցկացրել է տաքսու ղեկի առջեւ, որպեսզի գաղտնի շփվի ընտրողների հետ եւ իմանա, թե ինչ է պետք մարդկանց: Ստոլտենբերգը խոստովանել է, որ ցանկացել է լսել սովորական ընտրողների ճշմարիտ կարծիքը: «Եթե գոյություն ունի մի տեղ, որտեղ մարդիկ պատմում են, թե ինչ են մտածում, դա տաքսին է»,-ասել է վարչապետը: Նա տաքսու ղեկին նստել է մուգ ակնոցներով եւ տաքսիստի հագուստով, սակայն ուղեւորները նշել են, որ նա այնքան էլ տաքսիստի նման չի եղել եւ հիշեցրել է վարչապետին: Ինչ-որ պահի Ստոլտենբերգը շփոթել է արգելակման ոտնակի տեղը:

Հարցին, թե հնարավո՞ր է փոխի մասնագիտությունը, եթե ընտրություններում անհաջողության մատնվի, վարչապետը պատասխանել է, որ Նորվեգիայի բնակիչների եւ տաքսու ուղեւորներին համար շատ ավելի լավ կլինի, եթե ինքը մնա վարչապետի պաշտոնում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Տաքսու մեջ տեղի ունեցողը տեսագրվել է գաղտնի տեսախցիկով: Ավելի ուշ դրանից պատրաստվել է 3-րոպեանոց ֆիլմ, որը վարչապետը տեղադրել է Facebook-ի իր էջում: