Ֆլորիդայում երեքհարկանի շենքը գետնի տակ է անցել. Քլերմոնի Summer Bay Resort հանգստավայրում գտնվող շենքը նախատեսված էր զբոսաշրջիկների համար: Շենքի մի մասը փլվել է, երբ նրա տակ 12-15 մետր տրամագծով եւ 4,5 մետր խորությամբ փոս է գոյացել: Միջադեպը տեղի է ունեցել Walt Disney World զվարճալիքների կենտրոնից ոչ հեռու:
Ականատեսների խոսքով՝ փլուզումից առաջ իրենք ցնցում են զգացել եւ տեսել առաջացած փոսն իրենց պատուհաններից: Հյուրանոցի բոլոր հյուրերը տարհանվել են մինչեւ շենքի փլուզումը, հաղորդում է NEWSru.com-ը:
Տարհանումն սկսվել է, երբ հյուրերից մեկը դիմել է հյուրանոցի անվտանգության աշխատակից Ռիչարդ Շենլիին եւ ցույց տվել առաջացած փոսը: Աշխատակիցը վայրկենաբար գնահատել է վտանգը եւ սկսել է ծեծել բոլոր համարների դռները՝ կոչ անելով մարդկանց լքել շենքը: Տարհանումից մոտ 40 րոպե անց շենքի մի մասը փլուզվել է:
Զբոսաշրջիկները փողոց են դուրս եկել, ներսում թողնելով իրենց բոլոր իրերը: Ընդհանուր առմամբ տարհանվել է 36 մարդ՝ 20-ը փլուզված շենքից, 16-ը՝ հարեւան շենքից:













