Հնդկաստանի Մումբաի քաղաքի նավահանգստում, այսօր՝ օգոստոսի 14-ին, պայթյուն է որոտացել ռուսական արտադրության «Սինդհուրակշակ» սուզանավում: Պայթյունից հետո հրդեհ է սկսվել: Սուզանավում, ըստ նախնական տեղեկությունների, 18 նավաստիներ են արգելափակված, այդ թվում երեք սպա:
Times of India-ի տվյալներով՝ սուզանավում գտնվողների մի մասին հաջողվել է փրկվել՝ ջուրը նետվելով: Անձնակազմի մի քանի անդամներ տուժել են եւ տեղափոխվել հիվանդանոց: Hindustan Times թերթի փոխանցմամբ՝ պայթյունի հետեւանքով սուզանավը գրեթե ամբողջությամբ ջրի տակ է անցել:
«Սինդհուրակշակ»-ը Հնդկաստան է վերադարձել Ռուսաստանից, որտեղ այս տարվա ապրիլին վերանորոգվել եւ նորացվել է: Սուզանավի նորացմամբ զբաղվել է «ՑՍ Զվյոզդոչկա» ընկերությունը:
«ՌԻԱ նովոստիի» տվյալներով՝ սուզանավում տեղադրվել է Club-S հրթիռային սպառազինություն, Ushus հիդրոակուստիկ համալիր, СCS-MK-2 ռադիոկապի համակարգ:











