ԱՄՆ-ի դեսպանատունը հավատարիմ է շրջակա միջավայրի պահպանության գործում համագործակցությանը։ Իր տեսաբլոգում այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը։

Շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված տեսանյութում դեսպան Հեֆերնը պատմել է հայ գեղանկարիչների եւ լուսանկարիչների շրջանում ԱՄՆ-ի դեսպանատան կազմակերպած մրցույթի մասին։

Դեսպանատունը Հայաստանի բնապատկերներով 300-ից ավելի պատկերներ է ստացել, որոնցից 24-ն ավելի ուշ տպագրվել են պաստառներին եւ փակցվել դեսպանատան արտաքին պատերին։

 «Առողջ միջավայրի, էկոտուրիզմի եւ էկոլոգիապես անվնաս տնտեսական աճի խթանման միջոցով մենք պատրաստ  ենք օգնել Հայաստանին, որպեսզի վերջինս հաջողությունների հասնի։  Մենք ձգտում ենք նոր հնարավորություններ գտնել ու մասնավոր եւ հանրային հատվածի  գործընկերների հետ պահպանել ու գովազդել Հայաստանի անզուգական բնությունը», - նշել է նա։

Ջոն Հեֆերնը համագործակցության համար շնորհակալություն է հայտնել «Armenia Tree Project» կազմակերպությանը, նաեւ՝ Վայրի բնության եւ մշակութային արժեքների հիմնադրամին (FPWC)։