Ադրբեջանի իշխանությունները խոստովանել են. Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արձանագրային բաժնի աշխատակիցը ռուս-ադրբեջանական երկկողմ համաձայնագրեր ստորագրելիս Ռուսաստանի արտգործնախարարին, մեղմ ասած, «գրողի ծոցն է ուղարկել»։

Ադրբեջանական haqqin.az-ը հայտնում է, որ օգոստոսի 13-ին Բաքվում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների ներկայությամբ միջպետական համաձայնագրեր ստորագրելու ընթացքում շփոթմունք է տեղ գտել արձանագրային բաժնի  աշխատակցի մեղքով։ Հայտարարելով փաստաթղթերը ստորագրող անձանց անունները՝ աշխատակիցը սխալ է արտաբերել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ռուսախոս մարդու համար  «չափազանց բարդ» անուն-ազգանունը։

Այդ շփոթմունքի պատճառով Լավրովի անունը ադրբեջաներենով հայհոյանքի նման է հնչել։ Լուրջ կասկածներ է հարուցում այն, որ հիանալի ռուսերեն իմացող մարդը «պատահաբար է» «Սերգեյ» բառը «ՍիկՍերգեյ» արտասանել (ընթերցողը, կարծում ենք, քաջ գիտի թուրքական փողոցային այդ հայհոյանքի նշանակությունը)։

Ամեն դեպքում, ուշագրավ է, որ արարողության տեսանյութը Youtube-ում ռուսական կողմն է տեղադրել։ Այն հենց Ադրբեջանում եւ դրանից դուրս բուռն քննարկումների առարկա է դարձել։

Միաժամանակ, haqqin.az-ի տվյալով, արձանագրային բաժնի աշխատակիցը  հեռացվել է աշխատանքից «թույլատրված անփութության համար»։

Բայց Ռուսաստանի արտգործնախարարին գրողի ծոցն ուղարկել նա հասցրել է...