Կահիրեում նոր բախումներ են սկսվել ոստիկանության եւ տասնյակ հազարավոր մարտական տրամադրված իսլամիստների միջեւ, որոնք ուրբաթօրյա աղոթքից հետո երթով շարժվել են դեպի քաղաքի կենտրոն:

«Ցասման օրվա» մասնակիցներն արդեն գրոհել են մի քանի ոստիկանական բաժանմունքների վրա, ի պատասխան ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, մարդիկ քարեր ու շշեր են նետում, նրոնցից ոմանք ինքնաձիգներից կրակում են ոստիկանների վրա: Քաղաքի վրայով ուղղաթիռներ են թռչում:

BBC-ի մեկնաբան Ջերեմի Բաուենը, որը գտնվում է տեղի ունեցող իրադարձությունների հորձանուտում, իր Twitter-ում գրում է, որ հիմնական բախումները տեղի են ունենում Ռամզեսի հրապարակի եւ Մայիսի 15-ի կամուրջի շրջանում: Նա արդեն տեսել է առնվազն 4 սպանվածի եւ բազմաթիվ վիրավորների, հաղորդում է НТВ-ն:

Բախումներ են սկսվել ոչ միայն Կահիրեում: Չորս զոհի մասին տեղեկություն է ստացվել Իսմայիլիա քաղաքից, որտեղ զինվորները կրակ են բացել Մուրսիի կողմնակիցների ուղղությամբ:

Կահիրեում զոհվել է 20 ցուցարար, հաղորդում է Al Jazeera-ն: Նրանց դիակները տեղափոխել են դաշտային հոսպիտալ:

Հիշեցնենք, որ «ցասման օրվա» համար առիթ է դարձել երկու օր առաջ Կահիրեում իսլամիստների երկու ճամբարները կոպիտ կերպով ցրելը: Այդ գործողություններից հետո սկսված բախումների հետեւանքով մոտ 600 մարդ է սպանվել: