Արդեն մի քանի օրը մոլեգնող անտառային հրդեհների պատճառով Այդահոյի իշխանությունները ընդարձակել են Սան-Վելլի կուրորտային քաղաքի տեղահանման գոտին: Կրակը շատ արագ է տարածվում, քանի որ նպաստում է ուժեղ քամին եւ ցածր խոնավությունը: Այս պահին տեղահանվել են ավելի քան 1600 տան բնակիչներ:
Ավելի քան 600 պետական ու նահանգային հրշեջներ են աշխատել, որպեսզի պաշտպանեն շրջանը, որը տուն է դարձել այնպիսի աստղերի համար, ինչպիսիք են Առնոլդ Շվարցնեգերը, Թոմ Հենքսը եւ Բրյուս Ուիլիսը: Հրշեջները սկսել են կիրառել «ջրային զենքեր», որոնք սովորաբար օգտագործվում են ձմռանը՝ ձյունե ծածկույթ ապահովելու համար, հաղորդում է TribTown.com-ը:
Հրդեհի մարման ժամանակ կիրառվել են ինքնաթիռներ ու ուղղաթիռներ: Բացի այդ, որոշ մասնավոր ապահովագրական կազմակերպություններ ուղարկել են իրենց խմբերը՝ տների համակարգային պաշտպանության համար, հասկանալով, որ տարերային աղետի պատճառով ապահովագրական գործակալությունները միլիոնավոր վնասներ կկրեն:











