Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում անձրեւների եւ Ամուրի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով  արտակարգ դրություն է հայտարարվել: Խաբարովսկում օգոստոսի 19-ին ջրի մակարդակը հասել է պատմական առավելագույն 657 սմ-ի` մեկ օրվա մեջ բարձանալով 17 սմ:

Ըստ երկրամասի իշխանությունների` 73 տուն, որտեղ ապրում էր 162 մարդ, ջրի տակ են անցել: Ավելի բարդ իրավիճակ է Մեծ Ուսուրիական կղզում, որտեղ շարունակվում է բնակչության տարհանումը: Վտանգի տակ գտնվող բոլոր բնակավայրերում պաշտպանիչ ամբարտակների շինարարություն է ընթանում: Հատուկ ուշադրություն է դարձվում նաեւ  տարածաշրջանի համար կարեւոր Խաբարովսկ-Կոմսոմոլսկ-Ամուր ավտոմայրուղուն, հայտնում է «Ռոսբալտը»:

Ըստ կանխատեսումների` Խաբարովսկում  ջրհեղեղի գագաթնակետը սպասվում է օգոստոսի 25-ին, երբ գետի ջրի մակարդակը կարող է հասնել 7մետրի:

Բացի դրանից, Ամուրում սպասվում է ջրի առավելագույն մակարդակի բարձրացում` Ամուրի Կոմսոմոլսկ, Ամուրի Նիկոլայեւսկ, Խաբարովսկի, Նանայի, Ամուրի, Կոմսոմոլսկի եւ Ուլչ շրջաններում: Ամենալուրջ իրավիճակը կանխատեսվում է սեպտեմբերի 17-19-ին` Տունգուս գետի մոտ գտնվող Արխանգելովկա գյուղի մոտ, որտեղ ջրի մակարդակը կարող է գերազանցել 10 մ-ը: 

Հեռավոր Արեւելքում ջրհեղեղի գոտում է հայտնվել 28,5 հազար մարդ: Ըստ ԱԻՆ-ի` Մերձամուրում, Խաբարովսկի երկրամասում ջրով ողողված են 113 բնակավայրեր: Յակուտիայում, Ամուրի մարզում, Պրիմորիեում եւ Խաբարովսկի երկրամասում արտակարգ դրություն է հայտարարվել: