Սանկտ Պետերբուրգում ոստիկանությունը ցրել է երիտասարդությանը, որը փորձել է հերթական  «Ռուսական զտումն» իրականացնել` ազգայնականների ակցիա` շուկայի եկվոր առեւտրականներին վախեցնելու նպատակով:

«Ես ռուս եմ» շապիկներով երիտասարդները պատրաստվել էին ստուգել առեւտրականների փաստաթղթերը:  Եկվորների դեմ պայքարելու էին եկել 50 մարդ, որոնցից 18-ը, այդ թվում նաեւ չորս անչափահաս,  ձերբակալվել են, հայտնում է «Դոժդ» հեռուստաալիքը:

Ըստ «ՌԻԱ Նովոստիի»`  մինչ ձերբակալությունը ակտիվիստներին հաջողվել է դադարեցնել առեւտրի հինգ կետերի աշխատանքը` թաղայինին հրավիրելով: 

Փորձագետները Մոսկվայում եւ Պետերբուրգում կատարվածը մեկնաբանում են հետեւյալ կերպ. Իշխանություններն արձակել են ոստիկանության ձեռքերը: Մոսկվայում նախընտրական նկատառումներից ելնելով, Պիտերում էլ, քանի որ նահանգապետը խոստացել է լուծել ապօրինի ներգաղթյալների հարցը: Եվ այդ պատճառով էլ ազգայնականները օգտվում են առիթից, հայտնում է Business FM-ը:

Ըստ փորձագետների`  ծայրահեղ վտանգավոր պահ կլինի այն ժամանակ, երբ եկվոր առեւտրականները մշտապես եւ ամենուր պատրաստ կլինեն ազգայնականների հետ հանդիպմանը: