Հալիլ Շրիտեհ անունով պաղեստինցի հաքերը կոտրել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի էջը՝ սոցկայքի խոցելիության մասին հայտարարելու համար: Դա ցույց տալու համար նա նաեւ տեսագրել է բոլոր գործողությունները:
Հաքերը գտել է մեթոդ, որը թույլ է տալիս փոստեր հրապարակել Facebook-ի ցանկացած օգտագործողի էջում՝ նրա ընկերների ցանկում չլինելով: Այդ կերպ նա փորձել է սոցկայքի անվտանգության ծառայությանը պատմել խոցելիության մասին:
Որոշ ժամանակ անց նրա հաշիվը սառեցվել է: Սոցկայքի աշխատակիցները կապվել են նրա հետ՝ խնդրելով խոցելիության մասին առավել մանրամասն տեղեկություններ ներկայացնել, փոխանցում է «Lenta.Ru»-ն:
Facebook-ի քաղաքականության համաձայն, այն 500 դոլար է վճարում բոլոր նրանց, ովքեր խոցելիության մասին հաղորդագրություն են տրամադրում: Սակայն պաղեստինցին չի ստանա գումարը, քանի որ օրինակը բերել է «կենդանի» էջերի վրա:











