Քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանի «Մերսեդես» մակնիշի մեքենայի դիմապակին երեկ` օգոստոսի 18-ին, վնասել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարեն Հարությունյանը:

Նա նշեց, որ օգոստոսի 18-ին` առավոտյան 5-ի սահմաններում, մեքենան կանգնեցրել է շենքի բակում, նույն օրը երեկոյան հայտնաբերել է, որ մեքենայի դիմապակին կոտրել են, վնասված է նաեւ կողքի հատվածը, մինչեւ այդ չէր նկատել: Կարեն Հարությունյանը մեքենայի կողքին հայտնաբերել է  իրար փաթաթած «երկու գանտել», որով հարվածել են իր մեքենային:  Նա այս միջադեպը կապում է իր ակտիվ քաղաքացիական գործունեության հետ, մասնավորապես`  շաբաթներ առաջ Երեւանի քաղաքապետարանի դիմաց մեկնարկած նստացույցի հետ: «Այս գործունեության հետ եմ կապում, որովհետեւ սպառնալիքներ լինում էին, թեկուզ անուղղակի, կոնկրետ կապում եմ քաղաքապետարանի նստացույցի հետ: Կոնկրետ թե ով է, չեմ կարող ասել, անձնավորված չէ, այնտեղ քաղաքապետն էլ է, տրանսպորտի վարչության պետն էլ է, աշխատողներ կան, որոնք իրենց լկտի են պահում»,- ասաց Կարեն Հարությունյանը` զերծ մնալով որեւէ պաշտոնյայի անուն հրապարակելուց:

Կարեն Հարությունյանն արդեն հաղորդում է ներկայացրել ոստիկանությանը, դեռ մեքենան չի տարել վերանորոգման, բայց մոտ 300-400 հազար դրամի վնաս է հասցված, տարածքում տեսախցիկներ չկան: Ակտիվիստը վնասված մեքենան տարել է եւ կայանել Երեւանի քաղաքապետարանի դիմաց . «Շատ ապահով տեղ է այնտեղ, այնտեղ կանգնած է, այնտեղ էլ մնալու է, երբ պետք լինի, կքշեմ: Դրանով ոչ մեկի չեն կայացնի, եթե նման բաներից պիտի վախենանք,  էլ ինչի՞ ենք պայքարում էլի»,-ասաց նա:

Կարեն Հարությունյանը հրապարակել է վնասված մեքենայի լուսանկարը, ինչպես նաեւ փոքրիկ տեսանյութ։