Կահիրեում օգոստոսի 20-ի գիշերը կալանավորվել է «Մահմեդական եղբայրների» գերագույն գաղափարական առաջնորդ Մուհամեդ Բադիան: Անվտանգության ծառայության աշխատակիցները Բադիային հայտնաբերել էին Ռաբաա ալ-Ադաուիա հապարակին կից շենքի բնակարանում, ուր նախկինում տեղակայված էր բանակի կողմից ցրված իսլամիստների ճամբարը, հայտնում է NEWSru.com-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսլամիստների եւ ուժայինների միջեւ բախումների ընթացքում Եգիպտոսի մայրաքաղաքում զոհվել էր Բադիայի որդին: Երկրի իշխանությունները ելույթների ակտիվ մասնակիցների մի շարք ձերբակալություններ են իրականացրել, այդ թվում նաեւ` «Մահմեդական եղբայրների» ղեկավարությունից:
Եգիպտոսի ժամանակավոր նախագահի խորհրդական Մուստաֆա Հիջազին օգոստոսի 17-ին «Մահմեդական եղբայրներին» մեղադրել էր ահաբեկչության եւ ծայրահեղականության մեջ, նշելով, որ Եգիպտոսի խռովությունները քաղաքական տարաձայնություններ չեն, այլ իսլամիստների կողմից ահաբեկչական եւ ծայրահեղական գործողությունների դրսեւորում:
Հաղորդվել էր, որ իշխանություններն առաջարկում են արգելել շարժման գործունեությունը Եգիպտոսում: Ներկայումս տվյալ առաջարկը քննարկման փուլում է:











