Օգոստոսի 21-ին Կոմիտաս 5 հասցեում ոստիկանության ծառայողի եւ մասնակից կանանցից  մեկի միջեւ կատարվածի առնչությամբ ոստիկանության պետի կողմից նշանակվել  է ծառայողական քննություն, հիշյալ ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:

«Երեւանի Կոմիտաս 5 հասցեում ընթացող շինարարական աշխատանքների դեմ բողոքող քաղաքացիների ու նրանց աջակցող ակտիվիստների եւ տարածքում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանների միջեւ օգոստոսի 21-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանությունը հայտարարում է,  որ այդ ընթացքում ոստիկանության ծառայողի եւ մասնակից կանանցից մեկի միջեւ կատարվածի առնչությամբ ոստիկանության պետի կողմից նշանակվել  է ծառայողական քննություն, հիշյալ ծառայողի լիազորությունները դադարեցվել են,  ուսումնասիրվում են այդ օրը կատարված բոլոր տեսագրությունները,եւ քննության ավարտի ու եզրակացության մասին կտեղեկացվի հանրությանը:

Ոստիկանությունը կոնֆլիկտի բոլոր կողմերին՝  եւ՛ կառույցի սեփականատիրոջը, եւ՛ շինարարությունն իրականացնողներին, եւ՛ քաղաքացիներին ու նրանց աջակցող ակտիվիստներին կոչ է անում խնդիրները լուծել բացառապես իրավական դաշտում. անընդունելի է օրինականություն պահանջել անօրինական միջոցներով:

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքից դուրս ցանկացած գործողություն իրականացնող անձինք կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության:

Օգոստոսի 21-ի միջադեպը ցույց տվեց, որ քաղաքացիների շահերը պաշտպանող որոշ ակտիվիստների պահվածքը, ցավոք, ոչ ադեկվատ է. արձանագրվել են ինքնավնասման իմիտացիայի, հասարակական համակեցության նորմերիեւտարրական բարեկրթության խախտման դեպքեր:

Ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ նման հիվանդագին գործողություններից եւ արարքներից:

Ոստիկանության պետը երեկ հեռախոսազրույց է ունեցել Լարիսա Ալավերդյանի հետ: Կողմերը համաձայնության են եկել, որ հիշյալ եւ նման խնդիրները պետք է լուծվեն բացառապես իրավական դաշտում՝ համապատասխան ատյաններ դիմելու միջոցով: Եվ առհասարակ, վաղուց արդեն ժամանակն է ձեւավորել այդպիսի գործելակերպ ու մշակույթ:

Ոստիկանությունը եւս մեկ անգամ կոչ է անում բոլոր կողմերին` ցուցաբերել զսպվածություն, հանդուրժողականություն եւ օրինահարգություն, չդիմել սադրանքների ու ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: