Մինչդեր քաղաքակիրթ հանրությունը զբաղված էր եգիպտացի զինվորականների կողմից կիրառված ուժի պրոպորցիաների թեմայով քննարկումներով եւ «Մահմեդական-եղբայրներ» շարժման ճակատագրով մտահոգվելով՝ վերջիններս դիվանագիտական ափսոսանքի շղարշի հետեւում առանց պատժվելու զբաղվել են իրենց սիրելի գործով՝ կրոնական ֆաշիզմով, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով Human Rights Watch-ի չոր վիճակագրությունը. «Օգոստոսի 14-ից ի վեր՝ տղամարդկանց կազմակերպված խմբերը գրոհի են ենթարկել 42 եկեղեցի, որոնցից 37-ն այրել են, ոչնչացվել են նաեւ տասնյակ քրիստոնեական օբյեկտներ: Այդ հարձակումների արդյունքում զոհվել է 3 ղպտի եւ մեկ մահմեդական»:

Հաղորդվում է, որ Սուրբ Մուսայի եկեղեցին՝ հարակից տների հետ միասին, մինչեւ վերջ այրվել է: Այդ տներում ապրում էին հոգեւորականները:

Ոչնչացվել են նաեւ եգիպտական Գադ Էլ Սաեդ եւ Էլ-Ամիր եկեղեցիները: Վերջինս գտնվում է բավականին մեծ քրիստոնեական ագլոմերացիայի կենտրոնում, այդ պատճառով բացի եկեղեցուց, այրվել են նաեւ խանութներ ու ավտոմեքենաներ: Իսլամիստները քրիստոնյաների խանութների վրա սեւ խաչեր են նկարում՝ կոչ անելով նրանցից ոչինչ չգնել: