Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում օգոստոսի 23-ին` սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի ծննդյան օրը, տեղի է ունեցել հիշատակի արարողություն, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Միջոցառումն անցկացվել է Պռոշյանի գյուղապետարանի շենքի բակում, որտեղից մեծ բազմությունը` մարտական ընկերներ, կուսակիցներ, բարեկամներ, հարազատներ, ինչպես նաեւ գյուղի բնակիչներ, շարժվել են Պռոշյանի Ազատամարտիկների պանթեոն, ուր թաղված է Հրաչ Մուրադյանը: Հրաչ Մուրադյանի գերեզմանին ծաղիկներ դնելուց հետո` ելույթ են ունեցել նրա մարտական ընկերները: Վշտի եւ հիշատակի խոսքերով հանդես է եկել նաեւ ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Հրաչ Մուրադյանի կուսակիցները եւ համագյուղացիները իրենց ընկերոջ հիշատակին հայրենասիրական երգեր են երգել:
Հիշեցնենք, որ Ղարաբաղի պատերազմի մասնակից, Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել էր ապրիլի 2-ին` գյուղապետարանի շենքի մոտ:











