Բոլորս պետք է միայն մի բան անենք. ամեն կերպ նպաստենք Պռոշյանի գյուղապետի սպանության բացահայտմանը: Այս մասին այսօր`օգոստոսի 23-ին, սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի ծննդյան օրը, Պռոշյանի ազատամարտիկների պանթեոնում հայտարարել է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

Ընդգծելով գյուղի եւ դրա բնակիչների ուժը` նա միաժամանակ հիշեցրել է պռոշյանցիներից յուրաքանչյուրի պարտքի մասին: «Ներեցեք, բայց պետք է ասեմ, որ գյուղում կան մարդիկ, որ ավելի շատ բան գիտեն, քան ասում են: Եթե գյուղապետի սպանությունը չբացահայտվի, խարանը գյուղի վրա կմնա տարիներով եւ տասնամյակներով», - ասել է Աղվան Վարդանյանը` ընդգծելով, որ  սպանության բացահայտման բոլոր երաշխիքները կան:

Աղվան Վարդանյանը նշել է, որ օգոստոսի 23-ը` Հրաչ Մուրադյանի ծննդյան օրը, համընկել է  Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման հետ, եւ որ դա զարմանալի պատահականություն է: «Մենք պարտավոր ենք ուժեղ երկիր ունենալ, մենք պարտավոր ենք պաշտպանել մեր անկախությունը: Մենք կգնանք այդ ճանապարհով, եւ եթե մեզանից յուրաքանչյուրը անի իրենից կախված ամեն բան, մեր պետությունը կդառնա երազանքի երկիր», - հայտնել է նա:

Հիշեցնենք, որ Պռոշյանի 50-ամյա գյուղապետ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանը սպանվել էր ապրիլի 2-ին` գյուղապետարանի շենքի մոտ: Սպանության գործով կալանավորվել էր նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, որին ապրիլի 5-ին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի, 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը  կամ կրելը):