Ոստիկանները ծաղրում են Երեւանի քաղաքապետարանի առաջ նստացույց անող մասնակցին: Ինտերնետում տարածված տեսանյութի համաձայն` ոստիկանները պաստառը փռում են Երեւանի քաղաքապետարանի առջեւի նստացույցի մասնակցի վրա, երբ նա քնած է, դիակի պես ծածկելով նրա դեմքը, այդպես նկարում են վերջինիս եւ ծիծաղում։
Իսկ այսօր` օգոստոսի 26-ին, քաղաքապետարանի առջեւ կայացած ասուլիսին նստացույցի մասնակից Սուրեն Սահակյանը պատմել է, որ վերջին օրերին «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստներին քաղաքի տարբեր հատվածներում կողոպտում են: Այս մասին հայտնում է Aravot.am-ը: «Հանցավոր բանդան, որի մեջ, նախնական տվյալներով, կա 10 հոգի, երեկ չէ առաջի օրը հեռախոս են գողացել, երեկ ոսկե շղթա են գողացել, ծեծում են ակտիվիստներին: Հանցավոր բանդան ուղղորդվում է ոստիկանության կողմից, այստեղ չեն գալիս: Եթե այդպես չլիներ, քսանչորս ժամվա պատմություն է, ոստիկանությունը կբացահայտեր»,- ասաց նա: Նստացույցի մասնակիցները կասկածում են, որ բանդայի մեջ կան այն պաշտոնյաների երեխաները, որոնց հրաժարականն իրենք պահանջում են. «Ակտիվիստներին կողոպտելուց առաջ ասել էին՝ դուք ինչ գործ ունեք մեր հերերի հետ»: Սուրենի խոսքով` բացի գողություններից, ակտիվիստներին նաեւ հայհոյում ու սպառնում են:











