Կոմիտաս 5 հասցեում այսօր` օգոստոսի 26-ին, ժամը 07.00-ի սահմաններում վերսկսվել են շինարարական աշխատանքները։ Բնակիչները սկսել են սալորներով հարվածել բանվորներին՝ պահանջելով, որ շինարարությունը դադարեցվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ասաց Կոմիտաս 5- Ա շենքի բնակիչ Գոհար Սահակյանը: «8.30-ի սահմաններում աշխատանքները դադարեցրին եւ հեռացան: Ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկացանք, որ շինարարությունը դադարեցվելու է մինչեւ դատական գործընթացների ավարտը»,- նշեց տիկին Գոհարը:
Բնակիչները նաեւ փոխանցեցին, որ ամբողջ օրվա ընթացքում ոստիկանները այնտեղ չեն երեւացել: «Ոստիկանության երեկվա հայտարարությունից հետո կարծում էինք, որ այսօր ավելի շատ կլինեն, քան նախորդ օրը, բայց չհասկացանք՝ ինչու չերեւացին»,- նշեցին պիկետի մասնակիցները:
Կոմիտաս 5 հասցեի հարակից շենքերի բնակիչները ընդգծեցին, որ պայքարը շարունակելու են այնքան ժամանակ, մինչեւ օրենքը գործի եւ շինարարությունը դադարեցվի:
«Մենք հերթափոխով շարունակում ենք մեր պիկետը: Իհարկե, շատ կարեւոր գործեր ունենք, բայց այս պահին էլ ավելի կարեւորում ենք շինարարության դադարեցումը, քանի որ սա մեր երեխաների, լուսավորության եւ արեւի խնդիրն է»,- ասացին բնակիչները:
ՄԻՊ նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ շինարարությունը պետք է կասեցնել, քանի որ կա սուր կոնֆլիկտ: «Ծիծաղելի է, երբ ասում են, թե արդեն կա որոշում: Հակամարտող երկրների միջեւ զինադադար է հաստատվում այն ժամանակ, երբ կա խնդիր, որը կարող է բերել սրացման: Ցանկանում եմ ասել, որ երբ բնակչության եւ քաղաքացիների դժգոհությունը հասնում է ծայրահեղ աստիճանի, պետք է շինարարությունը կասեցվի: Զուտ ուժայինը բերելը եւ շատ հաճախ գռեհիկ ձեւով բնակիչներին լռեցնելու փորձերը իրավական կամայականություն են»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:
Նա առաջարկեց, որ խնդրին իրավական լուծում տրվի։ «Ես առաջին հերթին դատի կտայի քաղաքապետարանին, որովհետեւ քաղաքապետարանը շինարարությանը տալիս է իր համաձայնությունը՝ չունենալով ամբողջական փաթեթ: Հատկապես այն դեպքում, երբ բնակիչների հետ հանրային լսումներ չեն անցկացրել եւ չեն ստացել նրանց համաձայնությունը»,- հիմնավորեց Լարիսա Ալավերդյանը:








Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











