Google որոնիչի մեկնարկային էջի լոգոտիպն օգոստոսի 27-ին մանկական թատրոնի ոճով է ձեւավորված՝ ի պատիվ «աշխարհի մանկական թատրոնների մայր» Նատալյա Սացի: 2013թ. օգոստոսի 27-ին լրանում է Սացի ծննդյան 110-ամյակը (1903-1993թթ.):
«Մարդ-լեգենդ», «մարդ-դարաշրջան», «աշխարհի մանկական թատրոնների մայր». Այսպես էին կոչում Նատալյա Սացին կյանքի օրոք: Նա աշխարհում առաջին անգամ մանկական դրամատիկական թատրոն է ստեղծել եւ աշխարհում առայժմ միակ մանկական օպերայի եւ բալետի թատրոնը:
Նատալյա Սացը ծնվել է 1903թ. Իրկուտսկում, երգահան Իլյա Սացի եւ օպերային երգչուհի Աննա Միխայլովնա Շչաստնոյի ընտանիքում: Մեկ տարի անց ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել: Նրանց տանը հաճախ էին հյուրընկալվում Ստանիսլավսկին, Վախթանգովը, Կաչալովը, Ռախմանինովը եւ ուրիշներ: 1918թ. Սացի նախաձեռնությամբ ստեղծվել էր Մոսխորհրդի Մանկական թատրոնը՝ ամենափոքրիկների համար նախատեսված խաղացանկով:
1920թ.-ից Սացը Մոսկվայի մանկական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն էր, գրում է «Վեչերնյայա Մոսկվան»:
Նատալյա Սացի կենսագրության մութ էջը դարձավ 1947թ., երբ նրան կալանավորեցին «Հայրենիքի դավաճանի ընտանիքի անդամ» հոդվածով: Սացը գաղութում մնացել է հինգ տարի եւ ազատվել 1942թ.: Քանի որ Մոսկվայում նրան գտնվել չէր կարելի, ռեժիսորը մեկնել է Ալմաթի, որտեղ 1945թ. բացել է Ղազախստանում առաջին պատանի հանդիսատեսի թատրոնը:
1958 թ. Սացը վերադարձել է Մոսկվա: 1964թ. նրա ջանքերով ստեղծվել է Մոսկվայի մանկական երաժշտական թատրոնը: 1981թ.-ից դասախոսական գործունեությամբ էր զբաղվում:











