Օգոստոսի 30-ին գայլերի հարձակման հերթական դեպքն է գրանցվել Լոռու մարզում, այս անգամ՝ Քարինջ գյուղում: Լոռիում NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, գիշերը ժամը 02:00-03:00-ի սահմաններում գայլերը հարձակվել են գյուղի անասնագոմի վրա, որտեղ պահվել են գյուղի 200-ից ավելի ոչխարները:

Գյուղի անասնապահ Ռուբիկ Մաղաքյանի խոսքով՝ գայլերը ոհմակով են հարձակվել, 29 ոչխար են կերել, մի մասին տեղում հոշոտել են, մյուսներին՝ իրենց հետ տարել՝ տերերին պատճառելով մոտ 1 մլն 200 հազար դրամի վնաս:

Եվս 7 ոչխար գայլերը վիրավորել են, նրանցից կեսից ավելին, անասնապահի խոսքով, չեն ապրի: Քարինջի գյուղապետ Նորիկ Մկրտումյանը փոխանցել է, որ սա գայլերի հարձակման առաջին դեպքը չէ գյուղում: Գյուղի անասնապահն ու ոչխարների տերերը հույս ունեն, որ կստանան փոխհատուցում` կրած վնասի դիմաց, հակառակ դեպքում` այդ վնասը ստիպված կլինի վճարել անասնապահը, ով գումարի դիմաց պահում է գյուղացիների ոչխարները: