Երեւանի պետական համալսարանի մոտ ընդդեմ ուսման վարձավճարների թանկացման սկսված բողոքի ակցիային միացել են մի շարք ուսանողներ, դասախոսներ եւ ազատամարտիկներ: NEWS.am-ի թղթակիցը ԵՊՀ-ից հաղորդում է, որ, մասնավորապես, բողոքի ակցիայի մասնակիցներին է միացել ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի դասախոսներից Անի Զախարյանը, մի քանի ազատամարտիկներ, ինչպես նաեւ Երեւանի Ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողներ:
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ` ակցիայի մասնակիցները նստել են ԵՊՀ Կենտրոնական մասնաշենքի աստիճաններին: Ոստիկանները ցանկանում են նրանց հեռացնել այդտեղից, սակայն ուսանողները հակադարձում են` ասելով «մեր համալսարանն է, որտեղ կուզենք, այնտեղ էլ կնստենք»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան ժամը 9-ից ԵՊՀ գլխավոր մուտքի աստիճանների մոտ սկսվել է ուսանողների բողոքի ակցիան՝ ընդդեմ ուսման վարձավճարների թանկացման։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներից պահանջել են իջնել աստիճաններից եւ ակցիան շարունակել բակում։ Մոտ 10 րոպե տեւած վիճաբանությունից հետո ուսանողները համաձայնել են իջնել աստիճաններից՝ պայմանով, որ ներքեւում ոստիկաններն իրենց բացատրեն, թե իրավական ինչ հիմքով են խոչընդոտում իրենց ակցիան։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











