Սեպտեմբերի 2-ին ԵՊՀ Միջազգային հարաբերությունների երկրորդ կուրսի ուսանող Հարություն Մկրտչյանին բերման ենթարկած ոստիկանները հրաժարվել են վարձավճարների դեմ բողոքի ակցիա իրականացնող ուսանողներին տեղեկություն տրամադրել, թե Ոստիկանության կոնկրետ որ բաժին են տարել ակտիվիստին: Ուսանողները զանգահարել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Այստեղ պատասխանել են, որ ոստիկաններն իրավունք չունեն թաքցնել այդ ինֆորմացիան, բայց ՄԻՊ գրասենյակը կմիջամտի միայն այն դեպքում, եթե օրենքով սահմանված երեք ժամվա ընթացքում Հարությունին ազատ չարձակեն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, 11:40-ի մոտ, ոստիկանները ԵՊՀ առջեւից բերման են ենթարկել վարձավճարների դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին: Միջազգային հարաբերությունների երկրորդ կուրսի ուսանող Հարություն Մկրտչյանին ոստիկանները նախ հրավիրել են ոստիկանական բաժանմունք, նա հրաժարվել է, ինչից հետո ոստիկանները Հարությունին նստեցրել են ոստիկանական մեքենան ու տարել բաժին:

Ավելի վաղ ոստիկանները վարձավճարների դեմ բողոքող ուսանողներից պահանջել էին չաղմկել եւ բարձրախոսեր չօգտագործել՝ հայտարարելով, որ հրահանգին չենթարկվողները բերման կենթարկվեն: Ոստիկանները նաեւ առգրավել են նրա բարձրախոսը:

Տեսանյութում ոստիկանը վիճում է Հարություն Մկրտչյանի հետ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am