ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, որը այսօր՝ սեպտեմբերի 2-ին, նախաձեռնել էր բողոքի ակցիա՝ ընդդեմ ուսման վարձավճարների թանկացման, ժամը 13-ի սահմաններում միացել է ԵՊՀ առջեւ առավոտից բողոքի ակցիա անցկացնող ուսանողներին: Հիշեցնենք, որ ավելի վաղ նրանց միացել էին նաեւ ԵՊՃՀ ուսանողները, հիմնականում՝ առաջին կուրսի ուսանողներ:

Բողոքի ակցիայի մասնակիցներն այնուհետեւ միասին շարժվեցին դեպի Կառավարության շենք, որտեղ պահանջելու են չեղյալ հայտարարել ուսման վարձավճարների բարձրացման  որոշումը:

Ճանապարհին ուսանողները կանգառ են արել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մոտ եւ ապագա մանկավարժներին նույնպես կոչ են անում միանալ իրենց ակցիային:

Ուսանողները վանկարկում են « Ուսանող ոտքի», « Ուսանողի շահերը վեր են կուսակցական շահերից»: Պաստառներից մեկին գրված է. « Լուծեք մեր հարցերը, այլապես մենք կլուծենք ձեր հարցերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանները բերման էին ենթարկել ԵՊՀ երկրորդ կուրսի ուսանող Հարություն Մկրտչյանին եւ առգրավել նրա բարձրախոսը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am