Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել կապված Փակ շուկայի մոտ անչափահաս աղջկան հարվածելու փաստի վերաբերյալ:

Ոստիկանության հաղորդագրությունում ասվում է.

«Սեպտեմբերի 1-ին, ժամը 14.30-ին,  Երեւանի Մաշտոցի պողոտայի 5 հասցերում գտնվող «Փակ» շուկայի դիմաց ոստիկանության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկաններին է մոտեցել  մի կին եւ մատնացույց անելով  մեկ այլ կնոջ` հայտարարել, որ նա  հարվածել է իր անչափահաս աղջկան:

Նշված քաղաքացիները  հրավիրվել են ոստիկանության Կենտրոնականի  բաժին, որտեղ պարզվել է, որ մատնացույց անող կինը 54-ամյա Նոնա Ջ.-ն  է, նրա անչափահաս երեխան` 16-ամյա Կարինե Ջ.-ն, իսկ  աղջկան  հարվածողը` 50-ամյա Անահիտ Գ.-ն:

Դեպքի կապակցությամբ Կարինե Ջ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 14.30-ի սահմաններում շուկայի դիմաց նկատել է մի կնոջ, որը վիրավորում էր  անցորդներին: Ինքը մոտեցել եւ  փորձել է նկատողություն  անել այդ  կնոջը, սակայն վերջինս ցավագին ընդունելով իր նկատողությունը` ձեռքով  մեկ անգամ հարվածել է իր դեմքին` պատճառելով ֆիզիկական ցավ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն»: