Ուսման վարձավճարների բարձրացման դեմ բողոքող ուսանողները ՀՀ վարչապետին ուղղված իրենց պահանջները նամակով հանձնել են Կառավարությանը:
ԵՊՀ-ից ուսանողները երթով շարժվել են դեպի Կառավարություն: Ճանապարհին բողոքի ակցիայի մասնակիցները կանգնել են Մանկավարժական համալսարանի երկու մասնաշենքերի մոտ եւ ուսանողներին հորդորել են միանալ իրենց: Սակայն ուսանողներից ոչ ոք նրանց չի միացել: Հիշեցնենք, որ Մանկավարժական համալսարանը, որի խորհրդի նախագահը վարչապետ Տիգրան Սարգսյանն է, ուսման վարձերն այս տարի չի թանկացրել:
«Կառավարություն, պատասխան տուր» վանկարկումներով ուսանողները մոտ 30 րոպե Կառավարության շենքի առջեւ կանգնած՝ պահանջում էին, որպեսզի վարչապետն իջնի ու լսի իրենց: 14:00-ի սահմանում նրանց մոտեցավ Կառավարության դիմումների եւ նամակների վարչության պետը, որն ուսանողներին առաջարկեց իրենց շարքերից ընտրել երեսուն մարդու, որոնց կթույլատրվի մտնել կառավարություն եւ ներկայացնել իրենց պահանջները: Ուսանողները հրաժարվեցին՝ ասելով, որ կառավարությունը պատասխան պետք է տա բոլոր ուսանողներին: Մոտ երեսուն րոպե ուսանողների հետ զրուցելուց հետո կառավարության դիմումների եւ նամակների վարչության պետը վերցրեց նամակն ու հեռացավ:
Ուսանողները որոշեցին, որ իրենց հաջորդ հավաքը կլինի սեպտեմբերի 5-ին: Այդ օրը ժամը 12:00-ին ուսանողները երթով կշարժվեն դեպի նախագահի նստավայր:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











