Գնաճի լուծումը տնտեսության զարգացումն է, թե չէ, մնացածը հեքիաթներ են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում կայացած հանրահավաք-հանդիպմանժամանակ նշել է ԲՀԿ առաջնորդ, այդ բուհի կառավարման խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Այսօր ձախողումները վերագրելով գազի, նավթի հետ, դա աբսուրդ է: Կան աշխարհում երկրներ, որոնք ոչ նավթ ունեն, ոչ՝ գազ, բայց ունեն զարգացած տնտեսություն: Ամենակարեւորը պետք է լինի մրցակցային տնտեսություն, պայման-հնարավորություն եւ արդարություն, որ մարդիկ կարողանան լիարժեք աշխատել ու ապրել:
Տնտեսական ճգնաժամի ժամանակ ոչ թե հարկերն ավելացնում են, այդպիսի բան աշխարհում չկա, այլ հարկերը թեթեւացնում են, արտոնություն ու հնարավորություն են տալիս, որ գործազրկություն չլինի»,-ասել է նա:
Իր ելույթում Գագիկ Ծառուկյանը խոստացել է, որ անկախ ամեն ինչից, շարունակելու է մշտապես լինել հարազատ կրթօջախի եւ ուսանողների կողքին, անելու է առավելագույնը, որպեսզի երիտասարդները կրթություն ստանալու ճանապարհին դժվարությունների առջեւ չկանգնեն ու երբեւէ չհիասթափվեն:
Հանդիպման շրջանակներում քննարկվել են առաջիկա ծրագրերն ու անելիքները, ներկաները ԲՀԿ առաջնորդին են ներկայացրել իրենց մտահոգող խնդիրները:
ԲՀԿ նախագահը հայտնել է, որ առաջիկա օրերին ինստիտուտին կնվիրաբերվի տասը համակարգիչ, ինչպես նաեւ ամբողջությամբ կվերանորոգվեն ու կկահավորվեն ինստիտուտի եւս երկու հարկեր՝ իրենց բոլոր լսարաններով:











