Ոստիկանի-ակտիվիստի համբույրը դարձրեցիք չգիտեմ ինչ. դա վկայում է եւ քաղաքական դաշտի խեղճությունը, եւ մամուլի աշխարհի խեղճությունը, նյութ չունենալու պատճառով փորձում եք սկանդալ սարքեք: Այդ մասին այսօր՝ սեպտեմեբրի 3-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում ակցիայի ժամանակ ոստիկանի կողմից ակտիվիստուհու պարանոցը համբուրելու հանգամանքը։
«Ուրեմն դուք մտածում եք` ոստիկանը էլ բան չէր մնացել` մարդուն պիտի վերցներ համբուրեր: Այսինքն` նա գալիս է ճանկռելու, սա վերցնում համբուրում է»,- ասաց Սահակյանը:
Դիտարկմանը՝ թե ՀՀԿ-ում մեկնաբանել են, որ համբույրը երկկողմանի գործողություն է, Սահակյանն ասաց. «Ես չգիտեմ՝ ով ինչ է մեկնաբանել։ Ես դա որպես թաքուն պրոցես եմ համարում»:
Հիշեցնենք, որ Կոմիտաս 5-ի բողոքի ակցիաներից մեկի ժամանակ, ըստ համացանցում տարածված տեսանյութի եւ դրանից արված լուսանկարին, ոստիկանը համբուրում է ակտիվիստի պարանոցը: «Միայն տեսագրության առկայության դեպքում հնարավոր կլինի պարզել տեղի ունեցածը: Ստոպ կադրով բոլորն էլ գիտեն, որ կարող է կեղծ տպավորություն ստեղծվել, իսկ նկարին ինչ-որ բան վերագրողներին էլ խորհուրդ ենք տալիս ժամանակից շուտ հետեւություններ չանել»,- այս թեմային անդրադառնալով մեզ հետ զրույցում ասել էր Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Դրանից հետո դադարեցվել էին ակտիվիստի պարանոցը համբուրած ոստիկանի` ավագ սերժանտ Հակոբ Խաչատրյանի լիազորությունները:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











