Կարկտահարված համայնքերի ուսանողները Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին խնդրում են միջնորդել, որպեսզի բուհերի ռեկտորները այդ համայնքերի առաջին կուրսի ուսանողներին հնարավորություն տան ուսման վարձավճարի զեղչերից օգտվել ոչ թե երկրորդ, այլ առաջին կիսամյակից:
Հիշեցնենք, որ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը բուհերի ռեկտորներին առաջարկել էր զեղչեր կիրառել կարկուտից տուժած համայնքների ուսանողների համար: Զեղչը գործելու է Արմավիրի մարզի 2013թ. մայիսի 12-ին կարկտահարությունից առավել տուժած 22 համայնքների ուսանողների համար: Կարկուտից առավել տուժած 22 համայնքներն են Արմավիր, Ալաշկերտ, Արեւիկ, Ամասիա, Արաքս, Ակնալիճ, Արշալույս, Բերքաշատ, Բամբակաշատ, Գետաշեն, Հայկավան, Հուշակերտ, Նալբանդյան, Նոր-Կեսարիա, Նոր Արտագերս, Նոր Արմավիր, Շենիկ, Շենավան, Ջրաշեն, Սարդարապատ, Քարակերտ, Ֆերիկ համայնքները: Ռեկտորներին ուղարկված այս շրջաբերականի մեջ, սակայն, նշված չէ, թե ինչ չափի զեղչեր են լինելու եւ ուսումնական տարվա որ կիսամյակից են գործելու:
Արմավիրի մարզի Շենավան գյուղից, որը կարկուտից ամենաշատն է տուժել, այս տարի ԵՊՀ է ընդունվել երեք ուսանող: Վերգինե Կարապետյանի դուստրը՝ Գայանեն, ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժին, որտեղ ուսման վարձը չորս հարյուր հազար դրամ է: Շենավանի բնակչուհին NEWS.am-ի թղթակցին պատմեց, որ արդեն դիմել է ԵՊՀ ռեկտորին՝ վարձը առաջին կիսամյակում զեղչելու խնդրանքով: Ռեկտորատում նրան տեղեկացրել են, որ կարկտահարված համայնքների ուսանողների համար զեղչը գործելու է երկրորդ կիսամյակից:
Վարձերը առաջին կիսամյակից զեղչելու խնդրանքով ուսանողները պատրաստվում են դիմել ԿԳ նախարարին:











