Այսօր առավոտից Կոմիտաս 5 հասցեում վերսկսվել է բարձրահարկ շենքի շինարարությունը: Շինարարները, անտեսելով աշխատանքները դադարեցնելու` հարակից շենքերի բնակիչների պահանջը, շինարարական հումքն էին տեղափոխում: Տարածքում վերահսկողություն էին իրականացնում ոստիկանական խմբերը: Բնակիչներից բացի տարածքում հավաքվել էին 7-8 քաղաքացիական ակտիվիստներ:

Երեկոյան ժամը 18:00-ին շինարարներն ավարտել են իրենց աշխատանքը: Վաղն առավոտյան հարակից շենքերի բնակիչները կհավաքվեն ու ակտիվիստների հետ միասին կորոշեն իրենց հետագա անելիքները: Հնարավոր է` կառավարության շենքի առջեւ նստացույց անելու որոշում կայացվի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոմիտաս 5 հասցեում պատրաստվում են կառուցել 7 հարկանի նորակառույց շենք, որը, բնակիչների կարծիքով, լրիվ փակում է այդ բակի շենքերի արեւը, մուտքը, լույսը: Այստեղ շինարարությունը սկսել են մի քանի տարի առաջ, բայց բնակիչների բողոքի արդյունքում դադարեցրել էին այն, իսկ վերջին շաբաթների ընթացքում նորից վերսկսել: Շինարարությունն ուղեկցվել է բնակիչների, ակտիվիստների բողոքի ակցիաներով, նրանց եւ ոստիկանների միջեւ բախումներով, բազմաթիվ ակտիվիստների ձերբակալություններով, մարմնական վնասվածքնր հասցնելով: Այս պահի դրությամբ շինարարությունը դադարեցված է: