Քաղաքապետարանի հրամանով սեպտեմբերի 4-ին Օպերայի բակից դուրս են բերվել վարձակալությամբ տրվող հեծանիվները: Որոշման հետեւանքով եկամուտից զրկվել են մի քանի անհատ ձեռներեցներ: Նրանց առաջարկել են բիզնեսը տեղափոխել Կոմայգի, ինչը այս տեսակի բիզնեսի համար ոչ եկամտաբեր տեղ է:

«Ո´չ կարգին քշելու տեղ կա, ո´չ մարդ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին ձեռներեցները:

Նրանց խոսքով՝ արդեն 10 տարի է` Օպերայի տարածքում հեծանիվների վարձակալություն կա, սակայն միայն այս տարի է  քաղաքապետարանը արգելել այդ բիզնեսը. «Ոչ հեծանիվ քշելն արգելող ցուցանակ կա, ոչ էլ գրավոր, պեչատով հրաման: Մենակ բանավոր հրամայում են»:

Քաղաքապետարանի լրատվական վարչությունից NEWS.am-ին պարզաբանեցին, որ Օպերայի տարածքում հեծանիվների վարձակալություն թույլ էր տրվել միայն «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում, որն ավարտվել է օգոստոսի 31-ին: Կենտրոն թաղապետարանի առևտրի սպասարկման և գովազդի բաժնի աշխատակից Արման Հովհաննիսյանը, որը Օպերայի բակում էր հեծանիվների տարհանման ժամանակ, մեր թղթակցին ասել է, որ դա  ոչ սահմանված վայրում առևտուր է , ինչն  օրենքով արգելված է:

Հեծանիվների վարձակալությամբ զբաղվողները հուսահատ են. «Դիպլոմ չունենք, հասարակ մարդիկ ենք, ու՞մ են հիմա գործ տալիս, որ մեզ տան: Էս բիզնեսից ստացած եկամուտով 21 ընտանիք էր ապրում»:

Քաղաքապետարանի որոշումից դժգոհել են նաեւ այցելուները, որոնք զրկվել են երեկոյան սիրելի զբաղմունքից: