Երկու օր առաջ Վանաձորում տեղի ունեցած կացնահարության դեպքի առթիվ նոր մանրամասներ են ի հայտ եկել: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ոստիկանության Լոռիի մարզի քննչական բաժնի Բազումի բաժանմունքի պետ Վաղինակ Մարտիրոսյանը հայտնել է, որ սեպտեմբերի 3-ի գիշերը ժամը 03:00-ի սահմաններում Յուրիկ Թամազյանն իր բնակարանում, կնոջը՝ Զեմֆիրա Մ.-ին եւ հարսին՝ Վարդանուշ Ղ.-ին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ գտնվող կացինով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխի եւ  պարանոցի շրջաններում: Քննիչի փոխանցմամբ, սակայն, հարսին հաջողվել է դուրս գալ բնակարանից եւ օգնության կանչել հարեւաններին:

Հարեւանների բնակարան գալուց հետո Յուրիկ Թամազյանը դիմել է փախուստի: Նույն օրը Լոռիի մարզի քննչական բաժնի Բազումի բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ.քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում Յուրիկ Թամազյանը հայտնաբերվել է:

Վերջինիս մարմնի վրա եղել են բազմաթիվ վնասվածքներ: Նա իրավապահներին հայտնել է, որ վնասվածքներն ինքն է իրեն հասցրել նույն կացնով՝ կյանքին վերջ տալու նպատակով: Յուրիկ Թամազյանը ձերբակալված է, գտնվում է Վանաձորի ձերբակալվածների պահման վայրում: Քննչական բաժանմունքի պետի փոխանցմամբ՝ նա հրաժարվել է ցուցմունք տալուց:

Հանցագործության գործիք հանդիսացող կացինն առգրավված է: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է:

Վանաձորում տարածված խոսակցությունների համաձայն՝ Յուրիկ Թամազյանի մոտ վերջին տարիներին հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ են առաջացել: Նրա տղան եւ թոռը գտնվում են ՌԴ-ում, իսկ դեպքի օրը բնակարանում եղել են հարսը, կինն ու ինքը:

Տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի