Քիչ առաջ Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ժամանեց ՀՀԿ կենտրոնական գրասենյակ: Նա ժամանեց ոչ թե նախկին «Երեւան» կնոթատրոնի կողմից, ինչպես սովորաբար գալիս է, այլ, հակառակ կողմից (Վերնիսաժի կողմից). Պատճառն այն է, որ ներքեւի կողմում մոտ հարյուր ցուցարարներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ Մաքսային Միությանը միանալու ՀՀ նախագահի որոշման:

Սերժ Սարգսյանին հեռվից նկատելով, ցուցարարներն սկսեցին բացականչել. «Ամոթ, ամոթ», «Սերժիկ հեռացիր», «Չեբուրաշկա»:

Ոստիկանները փակել են Մելիք-Ադամյան փողոցը եւ հսկում են բողոքի ակցիայի ընթացքը:  Նրանք շղթա են կազմել եւ թույլ չեն տալիս ակցիայի մասնակիցների ազատ տեղաշարժը՝ նրանց բաժանելով երկու մասի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 19:40-ի սահմաններում, ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտից բերման է ենթարկվել Ստեփան Զատիկյանի որդին՝ Վրեժ Զատիկյանը:

Նա բաժին է տարվել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ վիճելու պատճառով: NEWS.am-ի թղթակիցը հաղորդել է, որ ոստիկանները հարվածել են նրա գլխին, ձեռքերը ոլորել ու մտցրել մեքենա:

Նշենք, որ մինչ այդ ՀՀԿ գրասենյակ էին ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գագիկ Բեգլարյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հովիկ Աբրահամյանն այսօր չի մասնակցելու ՀՀԿ ԳՄ նիստին:

Ենթադրվում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակիցներին պետք է ներկայացնի Մոսկվայի այցի մանրամասները:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am