ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտից սեպտեմբերի 5-ին, 19:40-ի մոտ, բերման է ենթարկվել Ստեփան Զատիկյանի որդին՝ Վրեժ Զատիկյանը:

Նա բաժին է տարվել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ վիճելուց հետո: Ոստիկանները հարվածել են նրա գլխին, ձեռքերը ոլորել ու մտցրել մեքենա:

Հիշեցնենք, որ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ ժամը 19:00-ից հավաքվել էին մեծ թվով ցուցարարներ, ովքեր բողոքում էին Մաքսային Միությանը միանալու ՀՀ նախագահի որոշման դեմ: Սերժ Սարգսյանը ՀՀԿ գրասենյակ է եկել մոտավորապես ժամը 20:25-ին՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստին մասնակցելու համար:

Նա ժամանել է ոչ թե նախկին «Երեւան» կինոթատրոնի կողմից, ինչպես սովորաբար գալիս է, այլ հակառակ կողմից (Վերնիսաժի ուղղությամբ):

Ցուցարարները նրան դիմավորել են «ամոթ, ամոթ» վանկարկումներով: