Վրաստանում քաղաքացիներին լրտեսելու գաղտնի լուսանկարների եւ տեսանյութերի արխիվը ոչնչացվել է Թբիլիսիի ՆԳՆ-ի շենքերից մեկում՝ լրագրողների ներկայությամբ:
Խոսքը Վրաստանի քաղաքացիների դեմ կոմպրոմատ հանդիսացող 100-ից ավելի սկավառակների մասին է: «Հատուկ հանձնաժողովը եւ կառավարությունը քաղաքացիների անձնական կյանքին առնչվող տեսանյութերի ոչնչացման որոշում էին կայացրել», - հայտարարել ՆԳ նախարար Իրակլի Գարիբաշվիլին, որը ներկա է գտնվել սկավառակների ոչնչացմանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաեւ արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, գլխավոր դատախազ Արչիլ Քբիլաշվիլին եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:
ՆԳՆ-ի արխիվի ոչնչացման հարցն ակտուալ էր դարձել այն բանից հետո, երբ ՆԳ նախարարի առաջին տեղակալ Գելա Խվելիձեն մայիսի սկզբին համացանցում լրագրող Գիա Փարեսաշվիլիի դեմ կոմպրոմատ էր տեղադրել: Խվելիձեին դրա համար քրեական պատասխանատվության էին ենթարկել:











