Եթե Ոստիկանությունը շարունակի «լռություն» պահպանել բնապահպան ակտիվիստ Արման Ալեքսանյանին ծեծի ենթարկողներին արագ բացահայտելու հարցում, ապա հիմնավոր կասկածներ կառաջանան, որ ոստիկանական ուժերը հանցավոր անգործության մեջ են կամ համագործակցում են խուլիգանական գործողություններ կատարող խմբերի հետ, իսկ նման հրամանները տրվում են «վերեւից»` քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող անձանց լռեցնելու եւ վախի մթնոլորտ ստեղծելու համար: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Համահայկական բնապահպանական ճակատը»:
Հայտարարության մեջ նաեւ ասվում է.
«Սեպտեմբերի 4-ի երեկոյան Երեւանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում դաժան ծեծի է ենթարկվել Համահայկական բնապահպանական ճակատի Կանաչ ջոկատի անդամ, քաղաքացիական ակտիվիստ Արման Ալեքսանյանը: Արմանը 21 տարեկան է, ԵՊՀ Կիրառական մաթեմաթիկայի ֆակուլտետի ուսանող: Հարձակվողները եղել են 10-15 հոգով` սեւազգեստ, սափրագլուխ եւ մահակներով զինված:
Վերջին մի քանի օրերի ընթացքում սա քաղաքացիների վրա հարձակման հերթական դեպքն է:
Ակնհայտ է, որ այս խմբերն իրենց գործողություններով սպառնում են քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Սակայն հատկանշական է, որ Ոստիկանությունը կատարված խուլիգանությունների փաստով որեւէ գործ դեռեւս չի հարուցել եւ որեւէ մեկին պատասխանատվության չի կանչել»:
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 5-ի երեկոյան մարզական կազմվածքով 7-8 հոգի հարձակվել եւ ծեծի են ենթարկել եւս երկու ակտիվիստների՝ Հայկակ Արշամյանին եւ Սուրեն Սաղաթելյանին:











