Երեւանի կենդանաբանական այգին ձեռք է բերել նոր զեբր, շնակապիկ եւ կախեթական փասիաններ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
«Հետագայում Երեւանի կենդանաբանական այգին Թբիլիսիի կենդանաբանական այգուց նվեր կստանա արական սեռի ամերիկյան հովազ՝ այդ կերպ լուծելով մեր իգական սեռի հովազի զույգի հարցը: Այս տարի նախատեսվում է ձեռք բերել նաեւ թռչունների մի քանի տեսակ, որոնք կժամանեն Իսրայելից, իսկ գետակինճ ու «լեմուր» տեսակի կապիկներ կկարողանանք ձեռք բերել միայն այն ժամանակ, եթե ձեռք բերենք նոր վանդակ կամ բարեկարգենք հինը»,- ընդգծել է կենդանաբանական այգու տնօրենը՝ հավելելով, որ պետք է հասնել որոշակի չափանիշների, որպեսզի հնարավոր լինի կենդանիների ճիշտ խնամքը:
Ռուբեն Խաչատրյանը նաեւ նշել է, որ Վարշավայի կենդանաբանական այգին Երեւանի կենդանաբանական այգուն պատրաստ է նվիրել կենդանու մի քանի տեսակներ: «Սակայն Երեւանի կենդանաբանական այգին այժմ նոր կենդանիների կարիք չունի, մեր խնդիրն է առկա կենդանիներին ճիշտ խնամք ապահովել»,- ընդգծել է տնօրենը: Նրա խոսքով, կենդանաբանական այգում կառուցվում է նոր անասնաբուժարան, այն ապահովված կլինի մեծ թվով բժշկական սարքավորումներով՝ սկսած ռենտգենի սարքավորումից, ավարտելով արյան անալիզի համար մի քանի սարքավորումներով:
Խոսելով հայկական մուֆլոնների խնամքի պայմանների բարելավման մասին՝ Ռուբեն Խաչատրյանը ուրախությամբ նշել է, որ, չնայած մի քանի հիվանդ մուֆլոնների հետ դժբախտ պատահարին, որոնց պատառոտել էին թափառաշրջիկ շները, մուֆլոնների թիվը նախկին 12-ի համեմատ աճել է 30-ի:
Երեւանի կենդանաբանական այգու տնօրենը մեծ հպարտությամբ ներկայացրեց բորենիների նոր ազատավանդակը եւ պատմեց վագրերի համար ազատավանդակի մասին, որն առայժմ կառուցման փուլում է: «Վագրերի համար նախատեսված ապագա ազատավանդակը կհամարվի Եվրոպայում ամենամեծերից մեկը: Ազատավանդակի նախագծողներն են կենդանաբանական այգիների նախագծերի շատ հայտնի հեղինակներ, որոնք հիմնել են Մելբուրնի ու Սինգապուրի կենդանաբանական այգիները. Կառուցմանը մասնակցում են նաեւ Նիդերլանդերից մի շարք լանդշաֆտային դիզայներներ, իսկ Երեւանից «Ստորակետ» ընկերությունը»:
Երեւանի կենդանաբանական այգու խնդիրների շարքում Ռուբեն Խաչատրյանը նշեց արտաքին ցանկապատի բացակայությունւը: «Կենդանաբանական այգիների եւ ակվարիումների եվրոպական միավորումը, որի անդամ է նաեւ Երեւանի կենդանաբանական այգին, մեր առջեւ խնդիր է դրել հնարավորինս շուտ լուծել այդ խնդիրը, քանի որ առանց արտաքին ցանկապատի խոսք չի կարող լինել կենդանիների ու այգու աշխատակիցների անվտանգության մասին»,- հայտարարել է տնօրենը:
Կենդանաբանական այգու վերափոխումների տեսակետից տնօրենը պատմեց վանդակներում ջեռուցման նոր համակարգերի տեղադրման մասին: Ինչ վերաբերում է կենդանիների սննդին, Ռուբեն Խաչատրյանը նշել է, որ Հայաստանում չկա կենդանիների համար վիտամիններով հարուստ չոր սնունդ արտադրող ընկերություն: «Սակայն այդ բացթողումը լրացվում էր բնական մրգերով ու բանջարեղենով, եւ այս պահին կենդանաբանական այգին սննդի հետ կապված խնդիրներ չունի»,- ընդգծել է Երեւանի կենդանաբանական այգու տնօրենը:











